Մբապեն «Ռեալ»-ում գրանցել է եզակի նվաճում, որին չի հասել նույնիսկ Ռոնալդուն

«Էլչեի» դեմ հանդիպման 33-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0։ Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային վեց հանդիպումներում 27-ամյա ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն գրանցել է 7 դիպուկ հարված։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր վիճակագիր Mister Chip-ը, Մբապեն դարձել է «Ռեալի» պատմության ընդամենը երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է Լա լիգայի մեկնարկային վեց խաղերում 7 կամ ավելի գոլ խփել երկու մրցաշրջան անընդմեջ: Նախկինում նման բացառիկ ցուցանիշ գրանցել էին միայն Պրուդենը (1945 և 1946 թվականներին) և Ուգո Սանչեսը (1986 և 1987 թվականներին):
Հատկանշական է, որ «սերուցքայինների» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին իր մադրիդյան կարիերայի ընթացքում այդպես էլ չի հաջողվել գրանցել այս նվաճումը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2024 թվականից։




















