Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան
- 2 hours ago
- 1 min read

Միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենց թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով օրեր առաջ նախանշված 2 եվրոյով դեպի Լառնակա ավիատոմսին:
«Խոսք էր գնում դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, թե ոչ, բայց այո, իմ ելույթի պահին՝ ամսի 19-ի համար 2 եվրոյով տոմս է եղել, բայց գները լողացող են: Թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով ճամփորդել, եթե 2 եվրո է տոմսը՝ 900 դրամ, բնականաբար, 10.000 դրամով մի քանի տոմս կարող են գնել:
Պարզ է, որ իրենք այսօր ճամփորդելու շատ հնարավորություններ չունեն, մենք դեռ նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում համոզված եմ, այդ խնդիրը նույնպես կլուծենք, ու մեր սիրելի թոշակառուները կսկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել: Ի վերջո դա բարեկեցության շատ կարևոր էլեմենտ է»,- նշել է նա:
Անդրադառնալով եվրոպացի գործընկերների հետ Կառավարության ունեցած քննարկումներին վիզաների հերթագրումների նոր գործիքակազմի լուծումների թեմայով՝ Փաշինյանը ասաց, որ իրենք և իրենց գործընկերները արդեն մի քանի տարի է զբաղվում են այդ թեմայով, գործընկերներն ասում են, բյուջետային պլանավորում ունեին ու ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու:
«Դա է նաև պատճառը, որ հիմա վիզաների ազատականացման հարցով բանակցում ենք, այսօր ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ Եվրոմիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ և ես համոզված եմ որ մենք հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»:




















