ՄԱՀԱՑԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԿՈՏՈՅԱՆԸ

Կյանքից հեռացել է վաստակաշատ ռեժիսոր Միքայել Կոտոյանը: Նա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում բազմաթիվ բեմադրությունների հեղինակ էր, մի քանի տարի եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Մ. Կոտոյանը եղել է նաև Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը (2001-2004), բեմադրություն իրականացրել Արտաշատի Ամո Խարազյանի և Սունդուկյանի անվան թատրոններում:
Տարբեր թատրոններում նրա բեմադրություններից աչքի են ընկել հատկապես «Լավագույն ներկայացում» մրցանակի արժանացած «Սուրբ Սուսաննան կամ վարպետների դպրոցը», «Աշնան արևը», «Ծառերը կանգնած են մահանում», «Զվարճալի դեպքը», «Երկնագույն եղջերուները», «Մորթե բաճկոնը», «Ախ, փարիզուհիներ, փարիզուհիները», «Ռոմեո և Ջուլիետը», «Ալխոն» և այլն:
Նա դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում, ՀԹԳՄ Լոռու մարզային ստուդիայում:




















