top of page

«ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության սկզբունքը ռազմավարական հավասարակշռությունն է»․ Արմեն Պետրոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան հաստատեց.


ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության առանցքային սկզբունքը ռազմավարական հավասարակշռությունն է, որը ներկայում ներառում է Վաշինգտոն-Երևան, Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները, իսկ ապագայում, վստահաբար, անդրադառնալու է նաև Վաշինգտոն-Թբիլիսի հարաբերությունների վրա։ Թերևս բարդ, բայց հենց այս մոտեցման վրա հիմնված քաղաքականությունը կկարողանա երաշխավորել ԱՄՆ-ի հնարավորինս հարթ ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում։


Տարածաշրջան, որը ռազմավարական նշանակություն է ունեցել ամերիկյան բոլոր վարչակազմերի համար, բայց ավելի բովանդակային ներկայություն ապահովելու առավել լայն տեսլականը հնարավոր է դառնում հենց Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարաման երկրորդ ժամկետի ընթացքում։ Իսկ նման հնարավորությունների ստեղծման հիմնական նախապայմաններն են աշխարհակարգի, նաև դրա ազդեցությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային կարգի փոփոխությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունների քաղաքական առաջնահերթությունները։ Նման իրավիճակում, մեծ հավանականությամբ առաջիկայում ականատես կլինենք նաև ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում բովանդակային տեղաշարժերի, քանի որ բոլոր գլոբալ դերակատարների համար այս տարածաշրջանը հետաքրքիր է ամբողջությամբ։ Եվ այստեղ երաշխավորված ազդեցության ապահովումն էլ կանխատեսելի է հենց հարավկովկասյան բոլոր երկրների հետ հավասարակշռված համագործակցության սկզբունքով գործելու եղանակով։


Որպես վերոնշյալի փաստացի ցուցիչ կարելի է դիտարկել նաև ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում արձանագրված արդյունքները։


ԱՄՆ-ի և ՀՀ միջև ստորագրվել է Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը (նման փաստաթուղթ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ստորագրվել է դեռևս 2025 թ. հունվարին)։


ԱՄՆ-ն Հայաստանին վաճառել է հետախուզական բնույթի աթս-ներ, Ադրբեջանին՝ ռազմական նշանակության մոտորանավակներ։ Իսկ քաղաքական հռետորաբանության հարթությունում՝ փոխադարձ դրվատանքի անհամար խոսքեր երկկողմ հարաբերությունների, և բոլոր առաջնորդների հասցեին։


Իհարկե, ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցում ևս ակնհայտ են Ադրբեջանի հետևողական ջանքերը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի թիվ 1 գործընկերը դառնալու հարցում։ Եվ հետավաբար Հայաստանի դիվանագիտական ջանքերի մի զգալի հատված պետք է ուղղված լինի ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հավասարակշռության կարևորությունը նաև ամերիկյան կողմի համար ընդգծելուն և տարաշածրջանային ներառականության միջավայրի հնարավորինս ապահովելուն»։

 
 
bottom of page