top of page

Մարտահրավերը նույնն է՝ որակապես նոր ընդդիմության փոխարեն չդառնալ որակապես հարմար ընդդիմություն․ Արփինե Հովհաննիսյան

  • 5 minutes ago
  • 3 min read

Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար։ Մի քանի հետևություն կառավարության ծրագրի ամենակարճ քննարկումից։ Այս մասին տելեգրամյան իկր էջում գրել է ՀՀ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։



«1. Ինչպես և սպասվում էր՝ բովանդակային քննարկում չեղավ։

Պատճառը քննարկելու հարցերի բացակայությունը չէր։ Պատճառը իշխանության թելադրած օրակարգն ու ընդդիմության՝ այդ օրակարգի մեջ մտնելն էր։

Քաղաքականության մեջ իշխանությունը միայն որոշումներ ընդունելու կարողությունը չէ։ Իշխանություն է նաև որոշելը, թե ինչի շուրջ է ընդհանրապես տեղի ունենալու քաղաքական բանավեճը։ Սա agenda-setting-ի՝ օրակարգ սահմանելու առանցքային գաղափարներից է։

Կառավարության ծրագրի քննարկմանը զուգահեռ սկսված՝ երկրորդ նախագահի և նրա ընտանիքի շուրջ գործընթացը դրա հերթական դրսևորումն էր։ Դա միայն Քոչարյանի, իսկ նախորդիվ` Ծառուկյանի մասին չէր:

Չհասկանալ, որ դրանք առանձին, իրարից կտրված դրվագներ չեն, այլ ավելի մեծ քաղաքական գործընթացի մասեր են, քաղաքական պարզամտություն է։

2. Կարևոր չէ միայն՝ ինչի դեմ ես պայքարում։ Կարևոր է՝ ում օրակարգի ներսում ես դրա դեմ պայքարում։

Ընդդիմության առաջամարտիկի դերը ստանձնած ուժը օրեր շարունակ դմդմփացնում էր խորհրդարանի սեղանները՝ իր բողոքն արտահայտելով կոնկրետ երևույթի դեմ, և հասավ մի պահ, երբ ամենակարևոր պահին Փաշինյանն այնպես կառուցեց իրավիճակը, որ սեղաններն այլևս չդմդմփացրին։

Ամփոփիչ ելույթում նա Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեկ նախադասության մեջ դիմեց և՛ ավազանի, և՛ հոգևոր անուններով՝ ընդդիմության օրերով բարձրացրած թեման վերածելով սեփական քաղաքական կապիտալի և մեկ նախադասությամբ ցուցադրելով այն երկվությունը, կոնֆրոնտացիան ու բևեռացումը, որի շուրջ ինքն ուզում է կառուցել իր քաղաքական խոսույթը։

Ընդդիմությունը օրեր շարունակ մեծացրեց թեմայի քաղաքական կշիռը։ Փաշինյանը վերջում վերցրեց այդ կուտակված ուշադրությունը և ծառայեցրեց սեփական քաղաքական նպատակին։ Կարելի՞ էր սա հաշվարկել: Այո:

Ուիլյամ Ռայքերը նման քաղաքական հմտությունը նկարագրելու համար օգտագործում էր heresthetic հասկացությունը՝ այսինքն քաղաքական ընտրության դաշտն այնպես կառուցել, որ նույնիսկ հակառակորդի վարքագիծը սկսի աշխատել քո քաղաքական արդյունքի օգտին։

3. Փաշինյանն ունի քաղաքական ռազմավարություն՝ սխալ կամ ճիշտ, վտանգավոր, անօրինական, անընդունելի, բայց ռազմավարություն։ Ընդդիմությունը՝ քաղաքական ռեակցիաներ։

Փաշինյանի գրեթե բոլոր գործողությունները սպասարկում են որոշակի քաղաքական նպատակ։ Ավելին՝ վերջին շրջանում դրանցից շատերն արդեն նաև «նախընտրական խոստման իրականացման» անուն ունեն։

Լուրջ չէ, ամեն անգամ զարմանալ՝ «սա էլ արեցի՞ն», «չէինք կարծում, որ սա էլ կանեն», «չէինք սպասում, որ այսքան հեռու կգնան» մտքերով, այլ պետք է փորձել հասկանալ՝ ինչ ավելի մեծ գործընթացի մեջ է տեղավորվում տվյալ քայլը և որը կարող է լինել հաջորդը։

Առավել ևս, երբ սեփական քաղաքական խոսույթը կառուցում ես երկրի օրհասական վիճակի, պետականության կորստի վտանգի, անդառնալի հետևանքների շուրջ։

Եթե այդ գնահատականներին իսկապես հավատում եք, քաղաքական վարքագիծը պետք է դրանց համարժեք լինի։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ապոկալիպտիկ ու ֆատալիստական ձևակերպումներն այնքան են չարաշահվել, որ երկրի «օրհասական վիճակը» այլևս ոչ թե քաղաքական համոզմունք է, որից պետք է բխի գործողությունների տրամաբանությունը, այլ պարզապես քաղաքական ելույթ կառուցելու ձև։

Ստատուս գրելը, հայհոյելը, անիծելը, բոցավառ ելույթները՝ ռեակցիա են։ Զուտ։

Այսինքն` reactive politics՝ ռեակտիվ քաղաքականություն․ հանգամանքը թելադրի՝ դուրս կգանք փողոց, այլ դեպքում՝ կգնանք Հակակոռուպցիոն կոմիտե, երրորդ դեպքում՝ մեկ այլ գործողություն կանենք։

Բայց հանգամանքը պլան չէ։

4. Երբ հարցնում էին՝ «Պլան Բ ունե՞ք», դա հավեսի համար հարց չէր։

Դա քաղաքական բեռ էր, որը վերցրիք ու նվազագույնը՝ չիրականացրիք։

Բայց անգամ հիմա այն ունենալը կենսական է՝ եթե ոչ ձեզ, ապա գոնե երկրի համար։

Բայց եթե «պլանը» Ռուսաստանից, Արևմուտքից, Իսրայելից, փողոցից, իշխանության սխալից, Պողոս-Պետրոսից կամ որևէ «սև կարապից» սպասվող իրադարձությունն է, դա ձեր պլանը չէ։ Դա արտաքին հանգամանք է։ Դուք կարող եք լինել դրա շահառուն և օգտվողը։ Բայց կարող եք չլինել առհասարակ։

Քաղաքական ակտիվությունը քաղաքական ռազմավարություն չէ։ Ոչ էլ աննախադեպ լինելու ցուցիչ։ Սազանդարներին հավատալ պետք չէ։ Այն էլ՝ ձեր կողմից վճարվողներին։

Եթե որոշել եք խորհրդարանում պարզապես աշխատել՝ այդպես էլ ասեք։

Ակնհայտ է, որ Փաշինյանի առաջարկած ընտրանքից՝ «մանդատները դրեք ու հեղափոխություն արեք կամ աշխատեք», դուք ընտրել եք կամ ստիպված ընտրում եք երկրորդը։

Թեև հիշեցնեմ՝ ձեր ընտրողներին դուք դա չէիք խոստացել։

Պետք չէ սովորական խորհրդարանական աշխատանքը խուճուճ «սահմանադրականացված», բարդ համադասական ձևակերպումներով ներկայացնել որպես իշխանափոխության բացառիկ «նոր մեթոդաբանություն»։

5. Մի քանի բառ «որակապես նոր ընդդիմության» մասին։

Ընդդիմության առաջամարտիկի դերը ստանձնած ուժը, կամա թե ակամա, իր վրա է վերցրել նաև այդ կարգավիճակի քաղաքական բեռը։ Ամենաշատ ընդդիմադիր ձայները ստանալը միայն առավելություն չէ։ Դա նաև պատասխանատվություն է՝ սեփական ընտրողների և, ավելի լայն իմաստով, երկրի քաղաքական գործընթացների նկատմամբ։

Ու այստեղ մի բան հատկապես կարևոր է գիտակցել քաղաքական քասթինգ անողներին և մյուսներին․ ձեր թիմում համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչներ չկան։ Տեղական մասշտաբի՝ ևս։ Ավելին՝ քաղաքական գործիչներ գրեթե չկան։

Սա վիրավորանք չէ և ոչ էլ անձնական որակների գնահատական։ Քաղաքական գործիչ լինելը մասնագիտություն է՝ քաղաքական գործընթացներ տեսնելու, մի քանի քայլ առաջ հաշվարկելու, սեփական օրակարգ ձևավորելու, հակառակորդի օրակարգը ճանաչելու և քաղաքական հետևանքները կանխատեսելու կարողությամբ։

Հատկապես երբ քաղաքականությանը լուրջ չեք վերաբերվում, գուցե անգամ զզվում եք դրանից, չափազանց ինքնավստահությունն ու մեծամտությունն առավել վտանգավոր են։

Յուրաքանչյուր քննադատության հետևում «հաստատ ինչ-որ բան է ուզում», «հաստատ ինչ-որ մեկի օգտին է աշխատում» տրամաբանությամբ շարժվելը ևս ձեր օգտին չի աշխատում։ Երբեմն արժե ոչ թե փնտրել, թե քննադատողն ինչ է ուզում, այլ լսել՝ ինչ է ասում։

Որովհետև խնդիրը քաղաքական ակտիվությունը չէ։ Խնդիրը քաղաքական մտածողությունն է։

Ապաքաղաքական վարքագիծը քաղաքական չի դառնում այն «քաղաքական» անվանելով։

Հետևաբար մարտահրավերը նույնն է՝ որակապես նոր ընդդիմության փոխարեն չդառնալ որակապես հարմար ընդդիմություն։

Մանդատը վերցնում է, բայց իշխանափոխության պլան չունի։ Սեփական օրակարգը չի ձևավորում, բայց մտնում է իշխանության օրակարգի մեջ։

Եթե իշխանությունն ունի ռազմավարություն, իսկ ընդդիմությունը՝ ռեակցիաներ, ինչ-որ պահից դա դադարում է միայն ընդդիմության խնդիրը լինելու։

Դա դառնում է երկրի խնդիրը»,-գրել է նա։

 
 
1/3042
bottom of page