top of page

Աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան. Մակրոնն ու Փաշինյանը ելույթ ունեցան Գյումրիում

  • 2 hours ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում տեղի ունեցող համերգի կեսից բարձրացան բեմ ու դիմեցին Վարդանանց հրապարակում հավաքվածներին։

«Ձեր ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց, թե ոնց էստեղից ոնց է առանց ձեզ ողջունելու հեռանալու։ Իմ անունից բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում այս ջերմ ընդունելության համար։ Երբ ես Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էի, ասում էի իրեն՝ դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում էր՝ չափազանցնում եք։ Ես իրեն հիմա հիշեցնում եմ՝ տես, որ չէի չափազանցնում»,- ասա Փաշինյանն ու հորդորեց ողջունել ծափերով Մակրոնին։

Մակրոնը նույնպես ողջունեց գյումրեցիներին, շնորհակալություն հայտնեց բոլորին ջերմ ընդունելության համար։

Անդրադարձավ երկրաշարժի մասին. «Աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան, ժամերը կանգ առան, Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց. 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության և Գյումրին վերածնվեց դժոխքից ու ձմեռանից հետո, եկան նոր գարուններ։ Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որոնց միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Քանի Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում՝ խաղաղությամբ, կայունությամբ, Եվրոպայի կողքին»,-իր խոսքում ասաց Ֆրանսիայի նախագահը։

Փաշինյանն ու Մակրոնն իրենց ելույթից հետո հայտարարեցին, որ Մակրոնը մեկնում է արդեն օդանավակայան։

«Հիշեք, որ Ֆրանսիան սիրում է ձեզ, կեցցե Հայաստանը, կեցցդե Ֆրանսիան և կեցցե Գյումրին»,- հայտարարեց Մակրոնը։

 
 
1/2837
bottom of page