top of page

Եթե «վերևներում» ծանոթ չունես, ստիպված ես անձնագրայիններում ժամերով հերթ կանգնել

Հայաստանի անձնագրային բաժիններում, հատկապես՝ Երևանում և մայրաքաղաքի մերձակա բնակավայրերում իրավիճակը շարունակում է անմխիթար մնալ։ Եւ հատկապես, եթե դու, թեկուզ հպարտ, բայց հասարակ քաղաքացի ես և չունես ծանոթներ «վերևներում», ապա ստիպված ես ժամերով կամ օրերով հերթ կանգնել։ 

Մարդիկ օնլայն գրանցվում են անձնագիր ստանալու համար, և իրենց հերթը մեկ-երկու ամիս հետո է հասնում, իսկ կենդանի հերթերում էլ ժամերով, երբեմն՝ օրերով են ստիպված լինում սպասել։ Այս ամենը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացված բարեփոխումների հետևանք է, քանի որ օպտիմալացման արդյունքում մի շարք համայնքներում փակվել են անձնագրային բաժինները, և, օրինակ, Չարենցավանի և հարակից գյուղերի բնակիչները ստիպված են գնալ և հերթ կանգնել Հրազդանում, քանզի Չարենցավանի անձնագրային բաժինը փակվել է և միացել Հրազդանի բաժնին։ 

Նույն պատկերը հանրապետության տարբեր համայնքներում է։ MediaHub-ը մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին, հարցազրույցներ է արել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ու տեղակալի հետ, որոնք մեզ վստահեցրել են, որ այս հերթերը անձնագրային բաժինները փակելու հետ կապ չունեն, այլ պայմանավորված են ռուս ռելոկանտների մեծ քանակությամբ, տուրիստական սեզոնով և մի շարք այլ գործոններով, ու խոստացել են՝ բարեփոխումների ավարտին այս բոլոր խնդիրները լուծված կլինեն, և մարդիկ արդեն քաղաքակիրթ պայմաններում կհերթագրվեն ու կսպասարկվեն։ Մինչդեռ, պետք էր այդ բոլորը հաշվի առնելով՝ ծրագրային և համակարգային խնդիրները լուծել, համապատասխան միջանկյալ լուծումներ տալ, հետո անցնել խորը և համակարգային բարեփոխումների փուլին։

Իսկ հիմա՝ հոդվածի սկզբում հիշատակված «հասարակ քաղաքացու» սինդրոմի մասին։ Այսօր Երևանի անձնագրային բաժիններից մեկի մոտ պատահաբար հանդիպեցինք կառավարությունում աշխատող մեր ծանոթին, որը պաշտոնի բերումում հաստատ հասարակ քաղաքացիների շարքին չի դասվում, և բազմաթիվ կապեր ունի տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Նրա դեմքին նայելով՝ արդեն պարզ էր, որ մի քանի ժամ հերթի մեջ է մնացել ու չգիտեր ինչպես արտահայտեր իր զայրույթը, որ երկու րոպեանոց գործարքի համար ինքը ստիպված է եղել ուղիղ երեքուկես ժամ սպասել հերթում։ Ասաց՝ չէր պատկերացնում, որ այս աստիճանի ահավոր վիճակ է անձնագրայիններում։

«Նախ պետք է տեղում կտրոն քաշես, որ հերթագրվես: Կտրոնը քաշում ես, ու ոչ մի ցուցանակ, ոչ մի հուշող բան չկա, թե երբ է հասնելու քո հերթը, քեզանից առաջ քանի հոգի կա դեռ ու դու որ պատուհանին պետք է մոտենաս։ Հերթը անկանոն է, դու կարող ես լինել, ասենք, 44-րդը, բայց մտնես 35-րդից հետո, ու ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու հենց իրենից հետո։ Անգամ փողոցում սուրճ վաճառելու կետերում էկրան կա տեղադրված, թե երբ է հասնում քո հերթը, իսկ անձնագրայինում որևէ հուշող բան չկար, թե ում հերթը երբ է մոտենում։ Եւ եթե այդ օրը հերթ չկանգնես կամ գնաս՝ ուշ գաս, ու հերթդ անցած լինի, ստիպված ես լինելու նորից կտրոն քաշել ու ժամերով հերթի մեջ սպասել։ Վերաբերմունքն էլ տեղ-տեղ կոպիտ էր ու մուննաթով, բայց դա այդքան էական չէր՝ իրենց էլ կարելի է հասկանալ, օրական հարյուրավոր մարդկանց են սպասարկում՝ կարող են նյարդային լինել։ Խնդիրը ավելի շատ համակարգի մեջ է, որը չի աշխատում կամ սխալ է աշխատում»,- պատմեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, նա, լինելով պետության կենտրոնական ապարատում աշխատող պաշտոնյա, բնականաբար, կարող էր զանգել անձնագրայինի «վերևներին» ու, ենթադրաբար, ավելի հեշտ լուծել իր հարցերը, հատկապես, որ անձնագրայինի «վերևներում» էլ իրավիճակը շատ լավ գիտակցում են ու շատ հաճախ ընդառաջում իրենց դիմած ծանոթ և անծանոթ քաղաքացիներին, մինչև իրավիճակը կկարգավորվի, և անձնագրայիններում սպասարկվելը բոլորի համար հավասարապես կհեշտացվի։

Բայց մեր զրուցակիցն ասաց՝ չի ցանկացել որևէ մեկին դիմել, որոշել է «հասարակ քաղաքացու» նման գնալ, կտրոն քաշել, հերթ կանգնել, և հայտնվել է այդ իրավիճակում՝ հասկանալով հասարակ մահկանացուների վիճակը, թե որքան բարդ է Հայաստանում ապրել «հասարակ քաղաքացու կյանքով», եթե չունես «վերևներում» ծանոթներ։

Այս պատմության մասին գրում ենք, որ կառավարության ու հատկապես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառաության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրենք այս խնդրի վրա, որ իրենց բարեփոխումները կամ արագացնեն, կամ միջանկյալ, բայց կարևորը՝ արդյունավետ լուծումներ մշակեն, որ մենք՝ վերևներում կապեր ու ծանոթ ունեցողներս ու հասարակ քաղաքացիները հավասար պայմաններում սպասարկվեն։ Ինչո՞ւ ենք ասում՝ մենք, որովհետև հաճախ լրագրողներն ավելի մեծ հնարավորություններ են ունենում «վերևներում» որևէ հարց լուծելու, քան հենց իրենք՝ տարբեր պետական հաստատություններում աշխատող պաշտոնյաները։ 

Վահե Մակարյան

bottom of page