Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ-ականները դրեցին աթոռներին, բնական կարիքներն անգամ չկարողացավ հոգալ դատարանում. փաստաբան
- 2 hours ago
- 1 min read

Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ-ականները դրեցին աթոռներին, բնական կարիքներն անգամ չկարողացավ հոգալ դատարանում: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Մենք մի քանի անգամ միջնորդել ենք, որպեսզի Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն բժշկական հաստատություն և դատական նիստը առանց իր ներկայության շարունակեն, որովհետև առավոտը ժամը 7:30-ից նա հնարավորություն չուներ որևէ կերպ ոչ սնվելու, ոչ բնական կարիքները հոգալու, ոչ էլ սանհանգույցից օգտվելու, նա ունի հենաշարժողական համակարգի հետ կապված հաշմանդամության կարգ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք պարտադիր պետք է կոնկրետ սահմանված հարմարություններից օգտվեն, ինքը մշտական խնամքի կարիք ունի և այդ խնամքից զրկված էր ամբողջ ընթացքում, ինչը բնականաբար բոլոր չափանիշներին հակառակ է, և ըստ էության Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է:
Այսինքն ամեն ինչ բոլոր կարգերի խախտումներով է տեղի ունեցել, այս իրավիճակում էլ քիչ առաջ փորձեցի Գագիկ Խաչատրյանին տեսակցել քրեակատարողական հիմնարկում, բայց նրան հնարավորություն չեղավ ուղեկցել ինձ մոտ քննչական սենյակ, նա ցավերի մեջ էր և շարժողականություն չուներ, որ տեղափոխեին, մինչև հիմա էլ չի սնվել, արդեն 24 ժամից ավելի, իսկ դեղորայքը ընդունելու համար կոնկրետ սննդակարգ է պետք:
Առավոտվանից, երբ եկել են խուզարկության, տեսել էին, որ կատետր է դրված համապատասխան պարկով, և միզարձակությունը այդ եղանակով է կատարվում, բայց մինչև հիմա այդ միզապարկն էլ չի փոխվել, այսինքն այնքան նուրբ հարցեր կան, այնքան խնդիրներ կան, որոնք մեր մոտ հարցեր է առաջացնում»,- նշել է Սարգսյանը:




















