Իշխանությունները 4 տարի մեզ խաբել են, հույս տվել, որպեսզի իրականացնեն իրենց ծրագիրը. Անհետ կորածի եղբայր
- Elen Hovsepyan
- Sep 13, 2024
- 1 min read

«Իշխանությունը հայտարարում է՝ «խաղաղության պայմանագրի» մեջ չկա գերիների վերադարձի հարց։ Դա անընդունելի է»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորածի եղբայրը, ով գերիների, անհետ կորածների հարցով Երևանում տարբեր դեսպանությունների մոտ ակցիա է իրականացնում տասնյակ քաղաքացիների հետ, հանձնում նամակ։
Նա նշեց, որ իրենց 4 տարի խաբում են. «Ամեն օր մեզ հույս են տվել, ամեն օր տարբեր բաներ են ասել, տարբեր տեղեր ուղարկել։ Այդպես ձգձգում են խնդրի լուծումը՝ իրականացնելով իրենց ծրագիրը»։
Ակցիայի մասնակից կինն ասաց, որ Հայաստանում «ունեն թշնամի, որ մեզ ղեկավարում է».
«Իրենց երեխան որ լիներ, այդպես հանգիստ կնստեի՞ն։ Ինքը ծիծաղում է կնոջ հետ. մեկը լոբի է մաքրում, մեկը հեծանիվ քշում։ Խեղկատակ, տականք, Աստծով ես պատժվելու»։
Ներկաներից մեկն ասաց. «Քաղաքականություն մի մտեք»։
Ներկա կանանցից մեկը բղավեց. «Բա իմ երեխան քաղաքականության զոհ չէ՞»։
«Բավական է, այլևս դիմանալու չէ, մենք չենք կարող մոռանալ մեր երեխաներին։ Ո՞րն է իմ ապրելու նպատակը։ Այս ի՞նչ եք անում»,- նշեց ակցիայի մասնակից կինը։
Նրանք հասարակությանը ոտքի կանգնելու կոչ արեցին.
«Ժողովրդից պրծավ՝ կեսին սպանեց, կեսին գերի թողեց, կեսին հաշմանդամ դարձրեց։ Հիմա Սյունիքի հարցն են քննարկում։ Վաճառում են Հայաստանը՝ մեզ էլ հետը։ Փաշինյանի տունը չէ սա, մեր հայրենիքն է»։