Եթե Իրանը թուլանա, Ադրբեջանը կփորձի Թուրքիայի հետ առիթից օգտվել. Իրանցի քաղաքագետ
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 4 min read

Իրանցի քաղաքագետ, Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին Aysor.am-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-Իրան բանակցությունների համաձայնության մասին ազդարարվող միջազգային արձագանքներից, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացման, դրանով պայմանավորված հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների վրա ազդեցության, ինչպես նաև Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակի մասին։- Պարո՛ն Հոսսեյնի, միջազգային մամուլի տեղեկություններով՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հանգուցալուծումը թեև ժամանակավոր, բայց մոտ է, քանի որ նշվում է՝ Թեհրանը հնարավոր է մեկ տարով դադարեցնի ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա՝ խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը։ Ձեր գնահատականով ինչքանո՞վ է իրատեսական գործարքի ավարտը։
-Դիվանագիտական բանակցությունների համար կա կանոն, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչ մի բան համաձայնեցված չէ։ Այդ տրամաբանությամբ կարող ենք ասել, որ, այո՛, մոտ ենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ համաձայնություններին, բայց մենք ուրանի հարստացման վերաբերյալ անհամաձայնություն ունենք։ Բանակցությունների վերջին՝ 5-րդ փուլում երկու կողմերում համաձայնություն կա՝ Իրանը որոշ ժամանակով դադարեցնի ուրանի հարստացումը, և զուգահեռ ԱՄՆ-ն դադարեցնի որոշ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Սա նշանակում է, որ տարբերակներ կողմերն ունեն, բայց ուրանի հարստացման հարցը կարմիր գիծ է և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի համար, իսկ դա արդեն լուրջ անհամաձայնություն է։ Բայց եթե տարբերակներ քննարկվում են, ուրմեն պետք է սպասել, թե ինչ ընթացք կլինի։
-Նկատելի էր, որ բանակցություններն ԱՄՆ-ն սպառնալիքի լեզվով սկսեց, մինչդեռ հիմա իրավիճակը փոխվել է, և տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն այդքան էլ հակված չէ պատերազմելու Իրանի հետ։
-Պատճառն այն է, որ վերջին օրերին ականատես եղանք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելեց տարածաշրջան՝ Մերձավոր Արևելք և մեծ՝ մի քանի տրիլիոն դոլարանոց գործարք կնքեց որոշ արաբական պետությունների հետ։ Սա ցույց է տալիս, որ իր համար գործարքի ամենակարևոր կոմպոնենտն անվտանգությունն է տարածաշրջանում, ու եթե պատերազմ սկսի, ինքն ամենամեծ վնասը կունենա իր ներդրումների համար։ Անգամ էներգետիկ համակարգերը կարող են խոչընդոտվել, որովհետև Իրանը խաղաքարտեր ունի, եթե պատերազմ սկսի, կարող է Հորմուզի նեղուցը փակել, ինչը մեծ խնդիր կառաջացնի ԱՄՆ-ի համար Պարսից ծոցում, ուստի ԱՄՆ-ն շահագրգռված չէ պատերազմի։
ԱՄՆ-ն նաև ուզում է ավելի շատ ուժերը կենտրոնացնել Չինաստանի վրա, իր ամենամեծ խնդիրը և հակառակորդը Չինաստանն է։ Ուստի ուզում է Իրանի և ՌԴ-ի խնդիրը բանակցություններով լուծել, որովհետև հենց Չինաստանն է, որ մի քանի տարի հետո իր տնտեսությամբ կանցնի ԱՄՆ-ից և առաջին ուժը կդառնա։
Իհարկե, սպառնալիքներ կան, բայց նկատելի է՝ կամք էլ կա, որ թեկուզ ժամանակավոր համաձայնության գան Իրանի հետ։
- Երեկ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ հայտարարել էր՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ասել է, որ Իրանին hարվածելն անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է։ Հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում՝ դիտարկելով նաև Իսրայելի դերն ԱՄՆ-ի հարցում։
- Իհարկե, ամենամեծ սպառնալիքը Մերձավո Արևելքում և ամբողջ աշխարհում Իսրայելի գործունեությունն է, տեսնում ենք Գազայում ինչ ցեղասպանություն է կատարում, և անգամ ԵՄ երկրները դատապարտում են դա։ Թեև վերջին ժամանակներում նկատելի է ԱՄՆ դերը, որ կարողանում է զսպել Իսրայելին, բայց եթե լիարժեք չզսպի, մենք չենք կարող այս տարածաշրջանում խաղաղություն տեսնել։ Այստեղ խնդիրն Իրանը չէ, ինչպես իրենք ներկայացնում են, այլ Իսրայելն է, որը Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս անկայունություն է մտցնում և իր գոյությունը պայմանավորված է անկայունությամբ։ Դրանով է ինքը սնվում։ Հարավային Կովկասում էլ մենք տեսնում ենք, որ մինչև օրս մեծ քանակի զենք է մատակարարում Ադրբեջանին։ Ռազմական բալանսը խախտում է՝ սպառնալիք ստեղծելով, որ Ադրբեջանն ագրեսիա դրսևորի տարածաշրջանում, հիմա՝ նաև ՀՀ-ի վրա, ինչո՞ւ չէ, հետագայում՝ նաև Իրանի վրա, եթե հնարավորություններ ստեղծվեն։
Եթե ԱՄՆ-ն ուզում է երկարաժամկետ խաղաղություն լինի, պետք է Պաղեստինի հարցը լուծի երկու պետությունների միջոցով։ Այդ ժամանակ է, որ արդար խաղաղություն կարող է լինել։
- Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացումը կամ թուլացումը ինչպե՞ս կարող է ազդել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
-Մենք կարող ենք արձանագրել, որ մեծ ազդեցություն կունենա հայ–իրանական տնտեսական, անգամ՝ անվտանգային հարաբերությունների վրա, նոր հեռանկարներ կբացի, բայց պետք է նկատենք, որ պատժամիջոցների ներքո մենք ունենք լավ, բայց ոչ, իհարկե, բավարար հարաբերություններ։ Տարեկան 300 մլն դոլարի առևտրաշրջանառությունից մենք հասել ենք 700 մլն դոլարի և երկու երկրները նպատակ են դրել մինչև 1 մլրդ, ապա նաև 3 մլրդ դոլարի հասցնել իրենց առևտրաշրջանառությունը։ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանն ընդգրկված են իրանական ընկերություններ, նաև մաքասկետի վերանորոգման համար իրանական ընկերություններ են ներգրավված, որն, ի դեպ, Եվրոպական բանկն է ֆինանսավորում։ Այսինքն՝ տեսնում ենք, որ մեծ պրոյեկտների վրա այդ պատժամիջոցները չեն ազդում, որ մեծ ընկերություններ գալիս են, ՀՀ-ի հետ աշխատում են, և Արևմուտքն աչք է փակում։
Բացի այդ, տեսանք Իրան-ՀՀ համատեղ զորավարժությունները, որը մինչև օրս չէր եղել, դա կոտրեց և այդտեղ էլ արևմուտքից լուրջ ազդակներ չեղան։ Սա ցույց է տալիս, որ պատժամիջոցների վերացումը իհարկե մեծ հնարավորություններ կարող է տալ։ Բանկային փոխանցումների համար խնդիրներ ունենք, բայց, ամեն դեպքում, այդ պատժամիջոցներն այդքան էլ լուրջ ձևով չեն ազդել։
- Պարո՛ն Հոսսեյնի, իսկ Սյունիքի շուրջ ստեղծված լարվածությունն ինչպե՞ս կգնահատեք։ Աշխարհաքաղաքական կենտրոններից՝ ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ պաշտպանության նախարարը, շարունակում են հաստատել, որ լարվածություն կա։ Այս պարագայում, թերևս, միայն Իրանի դիրքորոշումն է միանշանակ, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ի վերջո, լարվածությունն ինչի՞ կհանգեցնի, հնարավո՞ր է լարվածությունը պատերազմի հանգեցնի։
-Իհարկե, որովհետև Մերձավոր Արևելքի խաղացողները նույնն են, ինչ Հարավային Կովկասում և այնտեղի լարվածությունը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա։ Այսինքն, եթե Իրանի և Իսրայելի միջև կոնֆլիկտ հրահրվի, պատերազմ լինի, տարածաշրջնում պատերազմի հավանականությունը կմեծանա, այսինքն՝ եթե Իրանը թուլանա, Ադրբեջանը կփորձի Թուրքիայի հետ առիթից օգտվել։ Մենք ականատես ենք եղել Սիրիայում նման սցենարի, երբ Իրանի դիմադրողական ուժերը տարածաշրջանում զբաղված էին Իսրայելի հետ պատերազմով, Թուրքիան առիթից օգտվեց և Սիրիայում խնդիրներ ստեղծեց՝ Ասադի ռեժմը տապալելով, այսինքն՝ մեջքից հարվածեց Իրանին։ Նման մտահոգություններ Իրանն ունի Հարավային Կովկասում։ Եթե թույլանա, կարող են առիթից օգտվեն։
Իսկ վերջին կրակոցները հիմք են ստեղծում, որ մենք մտահոգված լինենք։ Մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այդ ագրեսիան պայմանավորված է նրանով, որ ավելի մեծ ճնշում գործադրեն ՀՀ-ի վրա և ավելի մեծ զիջումներ կորզեն ՀՀ-ից։ Նման վտանգներ կան։ Իրանի նաև ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավաները հայտարարեցին, որ միանշանակ աջակցում ենք ՀՀ-ի տարաքծային ամբողջականությանը և ինքիշխանությանը, որը Իրանի համար կարմիր գիծ է։ Նման հայտարությունները, նաև ռազմական ղեկավարների կողմից, հստակ են, հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարը ռազմական գործիչ է և չի անում քաղաքական հայտարարություններ։