ԱԺ-ում հյուրընկալվել էին Երեւանի ուսումնական հաստատությունների սաներ

Ճանաչողական այցով նախորդ շաբաթ Ազգային ժողովում հյուրընկալվել են Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ:
Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։
Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, պետական կառավարման ակադեմիայի եւ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողների հետ:
ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ուսանողների հետ հանդիպումն անցկացրել է խորհրդարանական Սոնա Ղազարյանը:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հյուրընկալել է Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Խորհրդարանական Ջուլիետա Ազարյանը զրուցել է Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները հյուրերին ներկայացրել են կրթության եւ պետաիրավական ոլորտների բարեփոխումները, մանրամասնել պաշտոնյաների բարեվարքության կանոններին եւ շահերի բախմանը վերաբերող հարցերը: Օրենսդիրները խոսել են նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ձեւավորման պատմության, համայնքների ներկայացուցիչների՝ պետության քաղաքական եւ հասարակական կյանքին ներգրավվածության հարցերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքների առջեւ ծառացած մարտահրավերներին, լեզվի պահպանմանը, մշակութային եւ կրթական ծրագրերին վերաբերող հարցերին։
Հյուրերը եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել օրենսդիր մարմնի աշխատանքային առօրյային: