Ես անվտանգություն չունեմ, իմ թիմակիցներն են, տարբեր մասնագետներ են. Ռոմանոս Պետրոսյանը ժամանեց ՀԷՑ
- Elen Hovsepyan

- Jul 21
- 2 min read

Քիչ առաջ մի խումբ մարդկանց ուղեկցությամբ ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ ժամանեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը անվտանգություն չունի, իրեն ուղեկցողներն իր թիմակիցներն են, որոնք իրեն պետք է ուղեկցեն այս գործընթացում, տարբեր մասնագետներ են։
«Իմ լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում նաև ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «Էներգետիկայի մասին» օրենքով, ՓԲԸ–ների մասին օրենքով։ Ես որպես ՀԷՑ ՓԲԸ–ի ժամանակավոր կառավարիչ, իմ լիազորությունները իրականացնելու եմ օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ Հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների։
Այսօր իմ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ։ Քանի որ ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ, որոշումն ուժի մեջ է մտել ծանուցման պահից, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար ինձ անհրաժեշտ էր նաեւ այդ որոշումից բխող լիազորությունները գրնցել նաեւ ԱՆ պետռեգիստրի գործակալությունում, ինչը այս առավոտ արդեն տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ես ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները»,–ասաց նա՝ հավելելով, որ նման պաշտոնյաների համար աշխատաժամանակը նորմավորված չէ, կարող է այսօր աշխատել մինչեւ երեկոյան ժամը 23–ը, այսինքն 12 ժամ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին, Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:
ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:
ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:




















