Եթե որևէ մեկին թվում է՝ ես հրեշտակ եմ, պիտի իրեն հուսախաբ անեմ. Արշակ Սրբազանը՝ իրեն ապաշխարհելու կոչ անողներին
- Elen Hovsepyan
- Sep 17, 2024
- 1 min read

Ես բացարձակապես չեմ վրդովվում, չեմ նեղսրտում մեզ ապաշխարհելու կոչ անելու որեւէ մեկի հորդորից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից իրենց ապաշխարհելու կոչերին:
«Եթե որեւէ մեկին թվում է, որ ես հրեշտակ եմ, ես իրեն պիտի հուսախաբ անեմ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ես անսխլական եմ, իրեն էլ խորը հուսախաբություն է սպասում: Իմ կողմից էլ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, սայթաքումներ են եղել, բայց խնդիրը այլ է այստեղ: Լինել մեղավոր, չի նշանակում կորցնել իրավունքը հանրային վտանգավորության, ճակատագրական սպառնալիքներ պարունակող խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելուց եւ դատապարտելուց: Դա արել ենք ամեն մեկս եւ անելու ենք:
Մեր եկեղեցում չկա մի սուրբ, որի կյանքում, կենսագրության մեջ եղած չլինեն սեւ կետեր, բայց մարդու, քրիստոնյայի առաքելությունն այն է, որ այդ սեւ կետերը իրեն չպետք է կասեցնեն խոսելու համար այնպիսի ահռելի երեւույթների մասին, որոնք համընդհանուր վտանգավորություն ունեն եւ գոյաբանական խնդիրներ են պարունակում իրենց մեջ:
Մենք կապաշխարհենք, մենք ունկնդիր ենք իրենց հորդորին, բայց մեր ապաշխարհությունը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպիսի իմաստով, որ մենք պետք է զերծ մնանք այնպիսի երեւույթների մասին խոսելուց, որոնք համընդհանուր, համահասարակական ճգնաժամ եւ արհավիրք կարող են ստեղծել: