top of page

«Ժողովուրդ». Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու անդամներին այսուհետ կարգելվի աշխատել որպես հանրային ծառայող: Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը:

Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլեւս համատեղել իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ:

Շեշտենք, որ համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կազդեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա, բայց ավագանու գործող անդամների վրա չեն տարածվի:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ ավագանու իրենց պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ են զբաղվում:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իշխանական ավագանու անդամներին մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեին, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

Փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, եւ մասնակիցները եկել էին եզրահանգման, որ ավագանու ՔՊ անդամները պետք է «համաներվեն»:

Նրանք էին՝ ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը, որ համատեղությամբ նաեւ անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը, որ ԱԺ նախագահի ռեֆերենտն է, եւ Լեւոն Լեւոնյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է նաեւ:

Կարճ ասած՝ այն, ինչ հիմա կարելի է ՔՊ-ականներին, արգելվելու է ապագայում բոլորին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/1824
bottom of page