«Ժողովուրդ». Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել: Նա ամփոփեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի, եւ այլ բան չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Այս սպանությունը խոր արմատներ ունի. ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների եւ Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։
Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է (ՔՊ-ական), իսկ եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը եւս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետեւել էր տեսախցիկներով՝ անգամ տեսանկարահանելով կատարվողը, թե ինչպես էին իր եւ Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետեւանքով սպանվեց Մհեր Ախտոյանի հարազատի որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։
Նկատենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ Մհեր Ախտոյանը Հայաստանից հեռացել է: Ավելին՝ նրան անձամբ օդանավակայան է տարել ու ճանապարհել Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը. այս ամենը կասկածներն ավելի է խորացնում։
Չնայած Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե հենց ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է իր շրջապատում մշտապես «տաք պահել» վրեժի թեման։ Սակայն իրավապահները այս հարցում դեռ լուռ են, քանի որ Մհեր Ախտոյանը Հայաստանում չէ։
Եթե ամփոփենք, պետք է շեշտել, որ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջեւ. Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցությունների կողմից՝ ներկայացնելով ընդդիմադիր դաշտը։ Սա վենդետայի վարկածին տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն եւ նշանակություն։
Հավելենք, որ սպանությունից անցել է գրեթե 1,5 ամիս, սակայն իրավապահների հորդորով Մերձավանը լքել են եւ մինչ օրս համայնքում չեն ապրում գործով մեղադրյալների հարազատներ եւ Ախտոյանները, իսկ Մերձավանը շարունակում է մնալ իրավապահների հսկողության տակ՝ հնարավոր վենդետան կանխելու համար»։




















