top of page

Նոր բնակարան, 17 մլն դրամ աշխատավարձ, 6 մլն դրամ նվիրատվություն՝ Աննա Հակոբյանից. Փաշինյանի հայտարարագիրը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բնակարան կունենա Երևանում։ Անցած տարի նա 49․3 մլն դրամ փոխառություն է տվել «Իջևանատուն» ՓԲԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Ընկերությունը բնակելի համալիր է կառուցում Արաբկիրում։ Այս մասին գրում է Factor.am-ը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Փաշինյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2024 թվականին 80․2 մլն դրամ եկամուտ է ունեցել, այդ թվում՝ 3 բանկերից 56․8 մլն դրամ վարկ է վերցրել․ «Ամերիաբանկից» Փաշինյանը ստացել է 44․4 մլն դրամ, «Հայէկոնոմբանկից»՝ 11․7 մլն դրամ, և «Ակբա բանկից»՝ 730 հազար դրամ վարկ։ 2024-ին վարչապետը ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ, 354 հազար դրամ «Հայէկոնոմբանկից» ավանդի դիմաց տոկոս, ևս 6 մլն դրամ Փաշինյանը նվիրատվություն է ստացել կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Նկատենք, որ Փաշինյանը ևս 1 վարկ ունի եվրոյով, որի մայր գումարի մնացորդը 2024-ի տարեվերջին եղել է 6364 եվրո։ Վարչապետն ունի 1 բանկային ավանդ, որի գումարը տարեսկզբին եղել է 3․4 մլն դրամ, իսկ տարեվերջին նվազել և դարձել է 726․9 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվներին 2024-ի տարեվերջին եղել է 1․27 դոլար և ընդհանուր մոտ 477 հազար դրամ, կանխիկ հայտարարագրել է 500 դոլար և 700 հազար դրամ։ Վարչապետն անցած տարի հանգստի նպատակով ծախսել է 5․2 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անդամակցում է «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամին», նաև 3 կազմակերպության հիմնադիր է՝ «Հիմա» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և չափահաս դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրեր դեռ չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանին է պատկանում «Մեր տպարանը» ընկերության 50 % բաժնեմասը։

1/2141
bottom of page