Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու․ Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նորանշանակ նախարար Խուդաթյանին
- Elen Hovsepyan
- Nov 21, 2024
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք ըստ էության, այսօր երևում են հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում: Ես կուզեմ ընդգծել պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեությունը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և տեղավորելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու գործում և նաև այս տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արագ արձագանքման գործում»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում ծավալած համատեղ գործունեությանը՝ վարչապետը նաև նշել է, որ Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկը լինելով, ունի կազմակերպչական մեծ կարողություններ և հույս հայտնել, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ Գնել Սանոսյանն ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում: «Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»,- ասել է վարչապետը և հավելել, որ Դավիթ Խուդաթյանը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, գրեթե մեկ տարի Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, որը նույնպես պակաս կարևոր փորձառություն չէ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախարարության օրակարգը մեծ է, ռազմավարական և համոզմունք հայտնել, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների և խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստակամ կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստակամ կլինի դրանք լսել, ընդունել և հետևություններ անել: