top of page

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում բեմադրված դատական ֆարսի վերաբերյալ հարցին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը պատասխանել է «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցման՝ Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում իրականացվող դատական ֆարսի վերաբերյալ։

«Վերելք»- հարցման մեջ ասվում է՞ «Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթանում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը որոշել է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի դատական ֆարսի դեմ՝ ի պատասխան միջազգային և ադրբեջանական դատավարական իրավունքի կոպիտ խախտումների։ Ես հասկանում եմ, որ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ղեկավարները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն։ Բայց հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի երկարամյա միջնորդությունը, ռուսաստանցի խաղաղապահների համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է, արդյոք, Մոսկվան օգնել ազատել այս մարդկանց, որոնց տարրական իրավունքներն այժմ կոպտորեն խախտվում են, իսկ Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց առաջադրված մեղադրանքներն անուղղակիորեն դիպչում են նաև Ռուսաստանին»։

ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի բաժնից պատասխանել են.  «Նախորդ ճեպազրույցներում մենք մեկնաբանել ենք այս թեման։ Ինչպես ճիշտ նկատեցիք, նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։

Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Մեր հերթին, հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտությանը, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորների փոխանակումը: Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել նրանց անհրաժեշտ օգնությունը»։

1/2015
bottom of page