top of page

TikTok-ն ու Instagram-ն անհասանելի են Ադրբեջանում՝ բողոքի ակցիաների ֆոնին․ BBC

2 minutes ago
2 min read


Ադրբեջանում TikTok-ի և Instagram-ի օգտատերերը զանգվածաբար բողոքում են, որ այս սոցիալական ցանցեր կարելի է մուտք գործել միայն VPN-ի միջոցով, հայտնում է BBC-ն։ Իշխանությունները չեն հաստատել արգելափակումը, սակայն քննադատները հասանելիության հետ կապված խնդիրները կապում են դպրոցներում հիջաբ կրելն արգելելու դեմ բողոքների հետ։

Ադրբեջանում ամենահայտնի երկու սոցիալական ցանցերը՝ Instagram-ը և TikTok-ը, այսօր հասանելի են միայն VPN-ով, ինչից օգտատերերը զանգվածաբար դժգոհում են Facebook-ում։ BBC-ի թղթակիցը դա ստուգել է իր ծանոթների մոտ, և նրանք նույնպես չեն կարողացել մուտք գործել հիշատակված սոցիալական ցանցեր․ ութ դեպքից միայն մեկում է հաջողվել մուտք գործել TikTok։ Ոմանք բողոքում են YouTube-ի դանդաղ աշխատանքից, Gmail փոստ մուտք գործելու խնդիրներից և ընդհանրապես ինտերնետի աշխատանքի վատ վիճակից։

Իշխանությունները դեռևս որևէ բացատրություն չեն տվել և չեն հաստատել այս սոցիալական ցանցերի արգելափակումը։ Սակայն շատերը տեղի ունեցածը կապում են դպրոցներում դրես-կոդի վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից առաջացած դժգոհության հետ։ Instagram-ում «Ադրբեջան» հեշթեգով (#azərbaycan) առաջին հերթին երևում է հիջաբների թեման, քանի որ դրանցով այլևս չի թույլատրվում դպրոց գալ։

Մեկնաբանություններում մեծամասնությունը դժգոհ է արգելքից, իսկ որոշ դպրոցներում անցկացվում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով հիջաբով աղջիկներին թույլ տալ դպրոց մտնել, ընդ որում դրանց մասնակցում են թե՛ հիջաբ չկրող աշակերտուհիներ, թե՛ տղաներ։ Տեսանյութերից մեկում մի աղջիկ տեսախցիկից դուրս գտնվող մեկին բղավում է․ «Ձեր ընկերները փողոցներում են, իսկ դուք դեռ լռում եք»՝ ցույց տալով այն պատուհանները, որտեղ դասեր են ընթանում։ Մեկ այլ տեսանյութում երեխաները վանկարկում են․ «Հիջաբը չի խանգարում ուսմանը»։

Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, սակայն նրա բնակչության ավելի քան 90%-ը մահմեդական է։

Սեպտեմբերի 21-ի նախարարների կաբինետի որոշման մեջ հիջաբն ուղղակիորեն չի հիշատակվում, այլ միայն նշվում է, որ հագուստը պետք է համապատասխանի կրթության աշխարհիկության սկզբունքին։ Փաստաթուղթը վերաբերում է ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին։

Դրա շարժառիթների մասին չեն խոսել ո՛չ նախարարների կաբինետում, ո՛չ էլ կրթության նախարարությունում, և BBC-ի հարցմանը ոչ մի գերատեսչություն չի պատասխանել։ Թվային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը չի պատասխանել BBC-ի զանգին, և լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել Instagram-ի և TikTok-ի աշխատանքի խափանումների պատճառների վերաբերյալ։

Իշխանություններն այսօր հայտնել են 37 մարդու ձերբակալության մասին, որոնք փորձել են խոչընդոտել որոշման կատարմանը։ Նրանք գրում են, որ մայրաքաղաքում «մի խումբ անձինք» դպրոցներում «կրթության ոլորտի աշխատողների հետ ստեղծել են կոնֆլիկտային իրավիճակներ՝ կապված միասնական դպրոցական համազգեստ կրելու կանոնների կիրառման հետ», «վնաս են հասցրել պետական կրթական հաստատություններին», խախտել են հասարակական կարգը, խոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը և դպրոցների աշխատանքին։

 
 
1/3112
bottom of page