Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից. Էդուարդ Թոփչյան
ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հարցազրույց է տվել ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին:
-Պարո՛ն Թոփչյան, վերջերս Դուք այցելեցիք մեր բանակի զինվորներին, շփվեցինք նրանց հետ, տեսաք նրանց կենցաղը, ապրելակերպը, շոշափեցիք տրամադրությունը: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները:
-Կարգապահության, կազմակերպվածության շունչը զգացվում էր զորամաս մտնելու առաջին պահից: Զորամասը նորոգ էր, կոկիկ, խնամված: Զինվորները ձիգ էին, մարզված, ինքնավստահ: Նույնիսկ ինձ թվաց՝ բոլորը բարձրահասակ են ու թիկնեղ: Զինվորների սնունդը բազմազան էր ու որակով: Ինձ հաճելիորեն զարմացրեց աղջիկների ստորաբաժանումը և այն իրողությունը, որ զինվորական կանայք նույնքան մարտական էին տրամադրված, որքան տղամարդիկ: Ես տպավորված էի ու ոգևորված:
-Երկրի հաջողությունը յուրաքանչյուր բնագավառի, յուրաքանչյուր քաղաքացու հաջողությունների հանրագումարն է: Ձեր անցած ճանապարհը, Ձեր կենսագրությունը մեծ հաջողության պատմություն է: Ինչպե՞ս է այն տրվում:
-Քրտնաջան աշխատանքով: Որտեղ կա նվիրում ու տքնանք, այնտեղ ծնվում է հաղթանակը: Հաջողությունը այցելում է նրան, ով չի բավարարվում անգամ երևելի ձեռքբերումներով, կանգ չի առնում, այլ շարժվում է առաջ՝ համոզված, որ առջևում միշտ էլ չնվաճված բարձունքներ կան, ու կատարելությունը սահման չունի:
-Բարձունքներ նվաճած եւ վաստակ ունեցող մարդկանց կենսագրությունը միշտ էլ հետաքրքիր է եւ ուսանելի, Ձերը՝ առավել եւս, քանի որ ծնվել եք ճանաչված արվեստագետների ընտանիքում, եւ Ձեր մանկության, պատանեկության մասին պատմելիս, բնականաբար, պիտի հիշատակենք նաեւ նրանց՝ Ձեր պապին՝ Էդուարդ Թոփչյանին, հորը՝ Ստեփան Թոփչյանին…
-Պապիս մասին շատ բան չեմ կարող պատմել. ցավոք, ես փոքր էի, երբ նա մահացավ, ու շատ բան չեմ հիշում։ Գրականագետ Էդուարդ Թոփչյանի մասին լսել եմ հորիցս, հորեղբայրներիցս, բարեկամներից, ծանոթներից։ Պապիս անվանակիցն եմ, ու նաև այս հանգամանքն է հաճախ պատճառ դառնում, որ ինձ հետ շփվելիս հիշեն նրան սիրով, ակնածանքով, ջերմությամբ եւ երախտագիտությամբ։ Պապս 30 տարի ղեկավարել է Գրողների միությունը։ Սա արդեն անուրանալի վաստակ է, գործ, հայրենասիրություն: Կարծում եմ` բոլորս էլ բնավորության ինչ-ինչ գծեր ժառանգել ենք մեր նախնիներից։ Ուստի, պիտի հիշեմ նաև մորական տատիս՝ գրականագետ, պրոֆեսոր Արշալույս Բաբայանին, որի բնավորության ամենաշեշտված գիծը արդարամտությունն էր։ Մինչ օրս նրա ուսանողները հիշում են, թե որքան ազնիվ ու անկաշառ էր նա։ Այդ գիծն իմ խառնվածքում էլ կա։ Աշխարհում ոչ մի ուժ չի կարող ստիպել ինձ դեմ գնալ խղճիս եւ արդարությանը։
-Ձեր ընտանիքում գրեթե բոլորը գրականագետներ էին, իսկ ինչպե՞ս եղավ, որ Դուք երաժշտությամբ տարվեցիք։
-Մեր ընտանիքում սիրում էին արվեստ։ Միշտ լսում էին գեղեցիկ, բարձր երաժշտություն, հետաքրքրվում էին նկարչությամբ, թատրոնով։ Մի խոսքով՝ կենցաղը արվեստով էր ներծծված։ Սակայն ես երազում էի օդաչու դառնալ։ Ինչ ակունք ուներ այդ երազանքը, հիմա չեմ հիշում, բայց երկինքը, բարձրությունը, թռիչքը ձգում էին։ Ինչպես հիմա, այնպես էլ փոքր ժամանակ, իմ կերպարը հեռու է եղել երաժշտի, ջութակահարի դասական կերպարից՝ նուրբ, խաղաղ, ժամերով պարապող, ուսման ծարավ… Ես ճարպիկ, աշխույժ երեխա էի, բակի տղա, ընկերներ ունեի հասարակության ամենատարբեր խավերից… Ես անցա բակային կյանքի դպրոցը՝ իր ողջ վայրիվերումներով։ Ես երաժշտական դպրոց ընդունվեցի երաժիշտ մորս նախաձեռնությամբ, բայց, այդուհանդերձ, չթողեցի ֆուտբոլի պարապմունքները։ Երաժշտականի ուսուցիչներս կանչում էին մորս եւ հորդորում հետեւել ինձ, որ ավելի շատ պարապեմ, քանի որ երաժշտական տվյալներս ակնառու են, ու ուսուցիչներս փայլուն «երաժշտական» ապագա էին կանխորոշում ինձ համար։ Ֆուտբոլիս մարզիչն էլ իր հերթին խորհուրդ էր տալիս թողնել ջութակը ու աշխարհը նվաճել ֆուտբոլով։
-Իսկ ո՞րն էր Ձեր ընտրությունը…
-Ես գնում էի իմ ճանապարհով։ Երաժշտության ասպարեզում բոլոր մեծ ու փոքր հաջողությունները ինձ տրվում էին թեթեւ ջանքերով, ակտիվորեն մասնակցում էի բակային առօրյային եւ հաճախում էի ֆուտբոլի խմբակ։
Անկեղծ ասած՝ ես առանձնակի հոգս չէի պատճառում ծնողներիս։ Փոքրուց ղեկավարելու, առաջնորդելու հակում եմ ունեցել, ինքս էի իմ հետեւից տանում, ոչ թե հետեւում էի ուրիշներին, ազդեցությունների չէի ենթարկվում, այդ պատճառով էլ մեծ պրոբլեմներ չէի ունենում։ Անգամ ամենափոքր տարիքում հայրս ինձ հետ խոսում էր հասուն մարդու պես, այնքան լուրջ ու մեծավարի, որ ծիծաղ էր հարուցում։ Ես նույն կերպ վերաբերվել եմ իմ տղային։ Ձայնը բարձրացնելու առիթ չի եղել, դիտողություն հազվադեպ եմ արել, ու հենց դա է պատճառը, որ խոսքս նրա համար կարեւոր է, ազդեցիկ։ Երբ ես ընդունվում էի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, գերազանց հանձնեցի բոլոր մասնագիտական քննությունները, սակայն հայերենին լավ չէի պատրաստվել, ավելի կոնկրետ՝ անգիր բանաստեղծությունների մի մասը չէի սովորել։ Խնդրեցի հորս օգնել։ Մեկ հեռախոսազանգը բավական էր, որ ես հեշտ ու հանգիստ հաղթահարեի այդ արգելքը, սակայն հայրս մերժեց։ Սովորիր՝ ասաց։ Դու այդ 64 բանաստեղծություններն անգիր գիտե՞ս՝ փորձեցի պաշտպանվել։ Ժամանակին իմացել եմ՝ պատասխանեց հայրս, ու թեման փակվեց։ Հիմա մտածում եմ, որ նա ճիշտ վարվեց։ Առանց այդ օգնության էլ ես ընդունվեցի ուսումնարան, հետագայում սովորեցի նաեւ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Այդ տարիներին ստեղծվեց «Սերենադ» կամերային նվագախումբը։ Երիտասարդ նվագախումբ էր, ամենատարիքովը 23 տարեկան էր։ Ինձ հրավիրեցին որպես դիրիժոր։ Սկզբում ինձ համար մի քիչ անսովոր էր. ես ջութակահար էի, սակայն փորձեցի ու ստացվեց։ «Սերենադը» հաջողություն ունեցավ՝ համերգներ, ճամփորդություններ։ Հասկացա, որ դիրիժորությունն իմ կոչումն է։ Ես հաջողակ երաժիշտ եմ, 26 տարեկանից ղեկավարել եմ եվրոպական լավագույն նվագախմբերը, ունեցել եմ հեղինակավոր հրավերներ, արժանացել եմ համաշխարհային հռչակ ունեցող մասնագետների բարձր գնահատականներին։
-Դուք հեռացել էիք հայրենիքից, ապրում, ստեղծագործում էիք Ցյուրիխում, հետո վերադարձաք ու ստանձնեցիք ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի աշխատանքը։
-Նախ՝ ես երբեք հայրենիքից չեմ հեռացել։ Այո՛, ես աշխատել եմ Ցյուրիխում, սակայն երբեք կապը չեմ կտրել Հայաստանի հետ, միշտ եղել եմ հայրենիքում, համերգներ եմ ունեցել։ Երբ իմացա, որ Լորիս Ճգնավորյանը հեռանում է Հայաստանից, ու հայտարարված է մրցույթ գլխավոր դիրիժորի թափուր տեղի համար, որոշեցի մասնակցել։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հեռանալով երկրից՝ լիովին ձուլվում են եվրոպական մշակութային կյանքին ու այլեւս հետ չեն նայում։ Գուցե երաժշտական կարիերայի, առավել եւս՝ ֆինանսական առումով երեւանյան ելույթները շահավետ չեն, սակայն կա մեկ ուրիշ՝ հոգեբանական, բարոյական խնդիր՝ դեպի ակունք, դեպի սկիզբ վերադարձի ֆենոմենը։ Թռիչքդ որքան էլ գեղեցիկ ու երկնամերձ լինի, պիտի վերադառնաս եւ կանգնես քո հողին, ուժ, ոգի, ներշնչանք հավաքես նոր թռիչքների համար։ Այդպես են ապրում բոլոր ազնիվ արվեստագետները, որոնք դուրս են եկել միջազգային երաժշտական ասպարեզ:
-Հայրենասիրության մասին եք խոսում…
-Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, ես չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից, խորհուրդներ են տալիս, առավել եւս՝ չեմ հասկանում դժգոհների, բողոքավորների չարագուշակ հանգերգը… Նա, ով հայրենասիրությունը դարձնում է կեցվածք ու նպատակ, հայրենասեր լինել չի կարող։ Հայրենիքին տվածը ո՛չ բարեգործություն է, ո՛չ խղճի պարտք, այլ… ինքդ քեզ տալու պես է։ Երբ արտասահմանում համերգների եմ լինում ու տեսնում եմ, թե իմ հայկական ազգանունն ինչպես է մարդկանց շուրթերին արթնացնում Հայաստան բառը, սիրտս հրճվում է։ Երբ արտերկրի երաժիշտ ընկերներս սկսում են հանրագիտարաններում տեղեկություններ փնտրել Հայաստանի մասին ու հայկական մշակույթին առնչվող գրքեր են կարդում, ոգեւորվում եմ։ Երբ որեւէ մեկը վատ է խոսում Հայաստանի մասին, զայրույթով եմ լցվում, վիճում եմ, վիրավորվում եմ։ Ինչո՞ւ… չգիտեմ։ Կարիք էլ չկա հասկանալու։ Ես տղայիս երբեք չեմ ասել, որ պետք է սիրել Հայրենիքը, սեփական ծննդավայրը, հողը, ազգակիցներին, մշակույթը, սովորույթները… բայց նա տարված է Հայաստանով, ու այլ կերպ լինել չէր կարող։
-Ի՞նչ դեր ունի հայ ազգային երաժշտական մշակույթը եվրոպական մշակութային ժառանգության մեջ։
-Նախ` ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե դուք հայ երաժշտական մշակույթ արտահայտության մեջ ներմուծելով ազգային բառը, ի՞նչ եք մասնավորեցնում։ Արամ Խաչատրյանը հայ մեծ կոմպոզիտոր է, թե որքանով է նա ազգային, ես այդ մասին չեմ մտածել ու չեմ ուզում մտածել, նույնը Բախը, Մոցարտը։ Ես նվագում եմ Մանսուրյանին, որովհետեւ նա մեծ կոմպոզիտոր է եւ ոչ այն պատճառով, որ նա հայ է։ Ու եթե ինչ-որ մեկն ասի, որ Մոցարտի ազգային պատկանելությունն ինչ-որ դեր ունի այդ համամարդկային երեւույթի էության ու ընկալման մեջ, ես չեմ հասկանա։ Ինչպես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ Խաչատրյանն ավելի մեծ է, քան Բրամսը, քանի որ Խաչատրյանը հայ է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր առանց ճանաչելու համաշխարհային մշակույթի մասշտաբները, խորքերը, խոսում են այդ ժառանգության մեջ հայ մշակույթի բացառիկ տեղի ու դերի մասին, եւ Հայաստանին վերապահում առաջնության դափնին։ Այս սնապարծությունը մեզ ոչինչ չի տվել ու չի տալու։ Մեզանից բացի ուրիշ ազգեր էլ են մշակույթ ստեղծում, եւ, մեղմ ասած, մեզանից ոչ պակաս։ Մենք եվրոպական երաժշտական մշակույթում կանք առանձին անուններով, իսկ ազգի ընդհանուր երաժշտական մակարդակը հետնապահ է:
-Որո՞նք են այն հիմքերը, որոնց հենվելով պիտի ոտքի կանգնենք, քայլենք առաջ, մեր համազգային երազանքները իրականացնելու ուժ գտնենք:
-Պետք է կարողանանք անկեղծ, շիտակ, համարձակ նայել ճշմարտության աչքերին ու գնահատել մեր հնարավորությունները: Ինքնախաբկանքը ոչինչ չի տալիս ու չի տալու: Պիտի կարողանանք ազնվորեն, առանց ինքներս մեզ խնայելու խոստովանել մեր սխալները, բացթողումները ու դրանք չկրկնելու որոշում կայացնել: Պիտի ճիշտ գնահատենք մեզ սպասվող դժվարությունները, և գործը պիտի գտնի իր տիրոջը, հաջողելու ուրիշ ձև չկա: