Արսեն Թորոսյանը դատի է տվել թերթին՝ պահանջելով հերքում և փոխհատուցում
- Elen Hovsepyan
- 11 minutes ago
- 1 min read

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Քաղհայցը Երեւանի քաղաքացիական դատարան է ներկայացվել սեպտեմբերի 17-ին, մակագրվել դատավոր Անի Կարաքեհյանին։ Հայցվորը պահանջում է, որ թերթը հերքի իր՝ Արսեն Թորոսյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Այսպես․ «10.09.2025թ.-ին «Ժողովուրդ օրաթերթ»-ի ֆեյսբուքյան էջում և www.armlur.am կայքում հրապարակվել է հոդված՝ ««Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը». «Ժողովուրդ»» վերնագրով։ Հայտնում ենք, այդ հրապարակմամբ արված արտահայտությունները զրպարտում են Արսեն Թորոսյանին և չեն համապատասխանում իրականությանը»։ Հայցվորը պահանջում է նաև հօգուտ իրեն բռնագանձել 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։
Նշենք, որ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր թերթի հրապարակմանն ու մասնավորապես նշել․««Ժողովուրդ» կոչվող թերթոնը այդպես էլ ուշքի չի գալիս իմ մասին վերջին սուտ հոդվածից հետո, երբ ամբողջությամբ մերկացրել էի այդ սուտը։
Նրանց «գերպրոֆեսիոնալ» անձնակազմը (ստի թագուհու ականջը կանչի) հերթական զրպարտչական հոդվածն է տպագրել իմ մասին, որի համար այս անգամ արդեն կհանդիպենք դատարանում։ Եվ թող ոչ-ոք չհամարձակվի ասել, որ սա ճնշում է մամուլի նկատմամբ, քանի որ նման թերթոնները մամուլի հետ աղերս չունեն»։