top of page

«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգեւատրման ու գավաթի հանձնման արարողությունը չուղեկցվեր սկանդալով:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա երկրպագուների աչքից չի վրիպել փաստը, որ պարգեւատրման արարողության ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին մոտեցող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ նրան ուղեկցող Արմեն Նիկողոսյանի դեմ, ըստ էության, բոյկոտել է թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ու չի մոտեցել ՀՖՖ նախագահին՝ գավաթը հանձնելու պահին։

Այսքանով ամեն բան չի ավարտվել. կատարվածից սաստիկ զայրացած ՀՖՖ ղեկավարությունը, ոչ պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս չի վաճառի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մի հատվածը «Արարատ-Արմենիային», որի մասին «Հրապարակի» մեր գործընկերների հետ զրույցում խոսել էր թիմի պաշտոնյաներից մեկը՝ ըստ էության հաստատելով, որ բանակցություններն «Արարատ-Արմենիայի» ու ՀՖՖ-ի միջեւ այս ուղղությամբ ընթանում են։ Ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով, «Փյունիկ» ՖԱ-ից հետո «սեւ ցուցակում» կհայտնվի նաեւ «Արարատ-Արմենիան»։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ այդ թիմի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ՀՖՖ նախագահի վերջին ընտրություններից առաջ իր դիրքորոշումն էր հայտնել՝ չսատարելով ինչ-ինչ ճանապարհներով ՀՖՖ նախագահ դարձած Արմեն Մելիքբեկյանին։ Մենք բազմիցս անդրադարձել ենք ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերին, ֆինանսական ոչ թափանցիկ, ուստի՝ հարցեր առաջացնող խնդիրներին, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներին ու բազմաթիվ նմանատիպ հարցերի։ Զարմանալի է, որ ֆուտբոլային աշխարհում նման հեղինակություն ունեցող անձինք շարունակում են վայելել իշխանությունների համակրանքը՝ չտալով ոչ մի արդյունք ու չկարողանալով նույնիսկ նորմալ մթնոլորտ ապահովել ոլորտում։

Ըստ էության՝ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն ամեն բան անում են, որպեսզի ֆուտբոլային բազմահազարանոց աշխարհը եւս միանա իշխանափոխության պահանջին. իսկ դա հասունանում է, ու այդ ամենի «ճարտարապետը» ՀՖՖ ներկա ղեկավարությունն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page