«Փաստ». Արայիկ Հարությունյանը վերջապես կհասնի նպատակին. ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքից կազատվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Չնայած դա կձևակերպվի որպես պաշտոնանկություն «սեփական դիմումի համաձայն», սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան պարզապես «առաջարկել» են դիմում գրել ու լուռումունջ հեռանալ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն, ինչպես կառավարության մեր աղբյուրը նշեց, նա, մեղմ ասած, ձախողվել է և ազատվել աշխատանքից:
Սակայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո վերջինիս օգնական Աշոտ Առուշանյանի միջնորդությամբ Արմեն Դանիել յանը վերադարձել է կառույց՝ արդեն որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ նա սկսել է իր ղեկավարի՝ Արթուր Ասոյանի «տակը փորել»՝ հույսով, որ ինքը կնշանակվի գրասենյակի ղեկավար: Ասոյանին, ի վերջո, 2022 թ. հոկտեմբերի 3-ից ազատել են աշխատանքից, որից հետո Դանիել յանը ավելի վաղ նշանակված տեղակալի առկայության պայմաններում եղել է ղեկավարի պաշտոնակատար, բայց գրասենյակի ղեկավար չի նշանակվել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, նա սկսել է աշխատել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ՝ նույն հավակնություններով:
Վերջինս աշխատանքից ազատվել է 2023 թ. հունվարի 27-ին: Սակայն, չնայած Արայիկ Հարությունյանի ջանքերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիել յանի թեկնածությունը չի հաստատել, ինչից վերջինս, մեր աղբյուրների փոխանցմամբ, չափազանց վրդովված ու ընկճված է եղել: Այդուամենայնիվ, Դանիել յանը չի «հանձնվել» ու սկսել է աշխատել ՍԱՏՄ նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի դեմ: Հիմա, կարծես թե, Արայիկ Հարությունյանը վերջնական «հաջողության» է հասել, և առաջիկայում ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի իր «կադրը»՝ Արմեն Դանիելյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում