Ծեծկռտուք Աջափնյակում ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների միջև
- 2 hours ago
- 1 min read

Երեկ երեկոյան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Բաշինջաղյան-Ջանիբեկյան խաչմերուկի հատվածում, տեղի է ունեցել խոշոր ծեծկռտուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ուժեղ Հայաստան» շարժման կողմնակիցների միջև։
Ականատեսների փոխանցմամբ՝ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Կորյուն անունով անձը, որը, ըստ նույն աղբյուրների, հանդիսանում է նշված տարածքում գործող յուղման կետի սեփականատեր և համարվում է ՔՊ-ի համակիր, հայտարարել է, թե «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցները վիրավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պետք է պատասխան տան դրա համար։
Սակայն մյուս կողմը հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ նման բան չի եղել։ Դրանից հետո վիճաբանությունը վերածվել է բախման, և, ըստ ականատեսների, մոտ 20 հոգի Ջանիբեկյան փողոցում գտնվող ՔՊ-ի գրասենյակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցներին։
Այսօր, ըստ նույն աղբյուրների, միջադեպը շարունակություն է ունեցել Սիլիկյան թաղամասում։ Ականատեսների պնդմամբ՝ Կորյունը, իր հոր և եղբոր հետ մեքենայով երթևեկելիս, կանգնեցվել է «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների կողմից, ինչից հետո տեղի է ունեցել հերթական բախումը։ Նշվում է, որ Կորյունն ու նրա եղբայրը ենթարկվել են ծեծի։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել։




















