top of page

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյան

Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ հարցը ծագել է այն համատեքստում, երբ ՀԱՊԿ-ն առաքելություն է գործուղել ՀՀ,  և այդ գործողությունների, ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ իրադրության գնահատական.

«Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերնրեը հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գործունեությունը «սառեցնելու» վերաբերյալ իր հայտարարությանը, Փաշինյանը մանրամասնեց.

«Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, թե կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները՝ «դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ»։

«ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ, օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, օրինակ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ։ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստում, որի տակ կա դրված նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Դրանից հետո Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել ենք՝ այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք որպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ։ Դա տեղի չի ունեցել։ Ես խոսում եմ 2021-22 թվականների մասին, բայց 2023 թվականն էլ անցավ, և մենք պետք է դիրքավորվենք։ ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք, բողոքենք։ Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք, մենք այդտեղ դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ էլ ինքն ասել է, թե ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի Հայաստանի  անվտանգության ոլորտում իր պարտավորությունները, հակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում։

«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»։

1/1871
bottom of page