Մեկը նույն արարքի համար ինչ-որ տուգանք է վճարում, մյուսը՝ ազատազրկվում է. Ամեն տեղ էլ այդպես է. Վահագն Ալեքսանյան
- Elen Hovsepyan

- Jan 16, 2024
- 2 min read

Երբ ասում եք՝ ամեն ինչ հանգում է նրան, թե «փող ունես՝ ազատվում ես, փող չունես՝ ծառայում ես», ախր, եկեք ի սկզբանե ֆիքսենք՝ ինչի՞ մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին:
«Խոսում ենք նրա մասին, որ մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից, չեն ծառայել բանակում, օրենք են խախտել, փախել են զորակոչից: Դրա մասին է խոսքը: Նույնն է, որ հիմա ինչ-որ մեկը քրեական հանցագործություն է կատարում, մեկը նույն արարքի համար ինչ-որ տուգանք է վճարում, մյուսը՝ ազատազրկվում: Այդ նույն կարգավորումները, որ ինչ-որ բանի դիմաց կարելի է տուգանք վճարել, մեր բոլոր օրենսգրքերում էլ կան: Այդ ինչ մի նորություն է, ինչ նոր բան է առհասարակ այս աշխարհում»,- ասաց Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումներին:
Նրա խոսքով՝ նախկինում եղած կարգավորումներով հետևյալն էր իրավիճակը. եթե, օրինակ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում էր մեկը մինչև հաշվառման կանգնելը, գնում էր ուրիշ երկրի քաղաքացի էր դառնում, հետո 27 տարեկանը լրանալուց հետո գալիս էր, ստանում Հայաստանի քաղաքացիություն, եւ նա ոչ մի պարտավորություն չուներ:
«Հիմա վերջին կարգավորումը նրա մասին է, որ նման մանիպուլյացիաներ էլ չլինեն: Մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք գալիս են ընտանիքով, տան բոլոր անդամները ստանում են ՀՀ քաղաքացիություն, բայց տղան, օգտվելով բոլոր այն իրավունքներից ու հնարավորություններից, որոնք ունեն իր դասարանցի, համակուրսեցի ՀՀ քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիությունը ստանում է 27 տարեկանը լրանալու հաջորդ օրը:
Այս խնդիրը պե՞տք է ինչ-որ ձևով հասցեագրել: Իմ կարծիքով՝ պետք է, բայց ըստ իս, հետագայում պետք է քննարկումներ ունենանք: Ըստ իս՝ մենք այդտեղ պետք է ֆիլտր դնենք, որ գոնե 5 տարի Հայաստանում բնակված լինի, ուրեմն շատ արդար է այս մոտեցումը»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ընտրել այս տարբերակներից մեկը.
զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,
զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,
զինվորական ծառայություն չանցնել և վճարել 15 մլն դրամ։




















