Կարո՞ղ է՝ վաղն էլ Վրեժ անունը որպես «ռևանշիստական»՝ արգելեն․ Արամ Մանուկյան
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն «Ազատության»-ը տված հարցազրույցում քննադատել է ՀՀ գործող իշխանությունների զիջողական կեցվածքը՝ նշելով, որ նրանք կատարում են Ալիևի ու Էրդողանի վարչախմբերի թելադրանքը։
Դիտարկմանը՝ «Փոխվել է աշխարհակարգը: Դուք ասում եք՝ վաղը կարող է բան փոխվի, Ձեզ ընդդիմախոսում են, որ կարող է վաղվան չհասնի», Արամ Մանուկյանն արձագանքել է․
«Աշխարհակարգը փոխվել է, փոխվել է այնպես, որ այդ աշխարհակարգի երկու խաղացող՝ Ալիևն ու Էրդողանը քեզ ստիպում են «Նեմեսիսի» արձանը հանե՞լ, Երասխում գործարան չկառուցե՞լ, քեզ ստիպում են Սոթքի հանքերը չաշխատացնե՞լ, դասագրքերից հանել Ցեղասպանության կետե՞րը: Կարո՞ղ է վաղն էլ Վրեժ անունը որպես ռևանշիստական անուն հանեն։ Հանելու են, եթե էսպես զիջողականությամբ գնաս, բոլորը հանելու են։ Ցեղասպանության թանգարանը կհանեն, որովհետև Ցեղասպանության թանգարանը կարող են մեկնաբանել այսպես՝ տարածքային պահանջ է Թուրքիայի նկատմամբ:
Մեր իշխանությունների թույլիկությունն ու անմեղսունակությունը չի կարող բացատրվել միջազգային կոնֆլիկտներով»։