Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանն՝ Ալիևի առաջարկի մասին
- Jan 11, 2024
- 1 min read

Ադրբեջանի զորքերը պարտադիր պետք է խաղաղ ճանապարհով դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ մեր միասնական ուժը պետք է ստիպի Ադրբեջանին հետ քաշել զորքերը։
«Մի մոռացեք, որ իրենք 94 թվականից գլուխները կախ մտածում էին այն խնդիրների շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին բանակ, մենք ունեցանք կորուստներ և հիմա ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրն ուժեղացնենք»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևանը ցանկանում է, որ Հայաստաննն ու Ադրբեջանն ուղիղ բանակցեն, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի առանց երաշխավորների, Քոչարյանը պատասխանեց, որ շատ գայթակղիչ առաջարկ է։
«Ինքն ասում է՝ չլինեն միջազգային երաշխավորներ, բա միջազգային հարթակներն ինչի՞ համար են, որ այդ երաշխավորություններ ամրագրվեն տեքստով և դրանից բխող գործողություններով։ Երաշխիքները, պետք է ինչ- որ ուժեր պահպանեն»,- նկատեց պատգամավորը։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հակառակորդ պետության ղեկավարը կարող է շատ պահանջներ ներկայացնել և ցանկություններ հայտնել, խնդիրը, սակայն, այն է, որ մենք այդ ցանկությունները կանխելու հնարավորություն ստեղծենք։
Նա վստահեցրեց, որ ամենօրյա աշխատանքով պատկան կառույցները ստեղծում են այդ հնարավորությունները։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ալիևի ասածներին և պահանջներին պետք է լուրջ վերաբերվել, թեև դրանք կարող են նախընտրական հայտարարություններ լինել՝ ուղղված ներքին լսարանին։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն իր երեկվա հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում երաշխավորներ պետք չեն։




















