top of page

«Էստի համեցեք». Փաշինյանի «հրավերը» Ալիևին

Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում, ի թիվս մի շարք հայտարարությունների, երկու առանցքային հայտարարություն է հնչեցրել:

Նախ, արձանագրել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացության, որ  նոր հարձակումը Հայաստանի վրա հավանական է։

«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:

Սա ասում է մի մարդ, ով ընդամենը վեց օր առաջ Մյւոնխենում հանդիպեց նույն այդ Ալիևի հետ և եռակողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, միայն արձանագրեց, թե «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»:

Երկրորդ հայտարարությունն էլ ավելի ուշագրավ է. Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նշել է, թե «ՀԱՊԿ-ի արձագանքը մեր կարծիքով չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին, 2022-ին, և ակնհայտ է, որ դա չէր կարող անտեսված մնալ Հայաստանի կողմից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին, որտեղ գերակշում է Մոսկվան»:

Արձանագրենք, որ Փաշինյանն այս հայտարարությունն անում է արևմտյան հարթակում. Չի խախտում ավանդույթը՝ հակառուսական հայտարարություններն արվում են արևմտյան հարթակներում: Այսինքն՝ Արևմուտքի ականջները շոյելու համար:

Մինչդեռ ՀԱՊԿ քարտուղարությունից, ի պատասխան Հայաստանի դե ֆակտո ղեկավարի, այսօր հայտարարել են, որ կազմակերպությունը պաշտոնական ՀՀ-ից նման բովանդակությամբ դիմում չի ստացել: Նաև հավելել է, որ գուցե խոսքը ՀՀ կողմից ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելուն է վերաբերում:

Այդուհանդերձ, ինչո՞վ են ուշագրավ ու միաժամանակ վտանգավոր այս երկու հայտարարությունները: Փաշինյանը, փաստացի, ընդունում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և պատերազմելու է ՀՀ դեմ, կոնկրետ հատվածներ մեր երկրից պոկելու և էլ ավելի ՀՀ տարածքում խորանալու ու ամրապնդվելու համար: Սա գաղտնիք չէ և վերջին շրջանում պարբերաբար այդ նարատիվը մեր առօրյայում առկա է՝ շուտով պատերազմ է լինելու: Փաստացի, այսպես կոչված խաղաղությունը հաստատել չի հաջողվում, ինչն արձանագրում է նաև Փաշինյանը: Եվ ի՞նչ:

Փաշինյանի տրամաբանությունը հուշում է նրան էլ ավելի խզել հարաբերությունները միակ անվտանգային դաշինքի հետ, որին մենք լավ-վատ, փաստացի անդամակցում ենք այս պահին, քանի որ որևէ մեկը մեզ այլ դաշինք չի առաջարկել: Եվ որի կանոնադրության մեջ սևով սպիտակին ամրագրված է, որ կազմակերպության անդամ պետության սուվերեն տարածքի, տարածքային ամբողջականության դեմ նկրտումների դեպքում մյուս անդամ պետությունները պետք է արձագանքեն:

«ՀԱՊԿ հավատարմագրված նպատակներն են խաղաղություն, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդում, անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնավարության ապահովում հավաքական պաշտպանության հիման վրա»,- սա է գրված:

Այո, ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ հարցեր ունի, առկա են բազմապիսի և խորքային խնդիրներ, որոնց մասին ՀՀ-ն պարբերաբար բարձրաձայնել է, և որոնց մասին խոսում են նաև այսպես կոչված պռոռուսական ուղղվածություն ունեցող գործիչները: Ի վերջո, վերջին մի քանի տարիների  դեպքերը հստակ ցույց են տալիս ով-ով է և ինչ է կատարվում: Խնդիրներ կան նաև Ռուսաստանի հետ՝ բոլորիս են դրանք հայտնի:

ԲԱՅՑ. այլընտրանք այս պահին ՀՀ-ն չունի: Որևէ մեկը՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան, ո՛չ ԱՄՆ-ն կամ այլ երկիր ՀՀ-ին ՀԱՊԿ-ի այլընտրանք չի առաջարկել ռեալ: Սա է իրողությունը: Եվ եթե իսկապես դու ընդունում ես ու վերջապես տեսնում ես, որ քո սիրելի Ալիևը պատրաստվում է հարձակվել քեզ վրա, ապա դրան զուգահեռ կտրել միակ ճյուղը, որի վրա թեկուզ հազիվ, բայց նստած ես, ուղղակի հիմարություն է:

Դեռ Ցիցերոնն է ասել՝ «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»: Հասկանում ենք, գուցե դժվար է ընկալել նման պարզ ճշմարտությունը, բայց ամեն անգամ հայրենիքը որպես խաղադրույթ դնել սեղանին, սեփական ավանտյուրիստական ֆանտազիաները կյանքի կոչելու համար... մինչև ե՞րբ: 

Լիա Խոջոյան

Komentarze


1/1770
bottom of page