top of page

Քյարամյանը հավակնում է իշխանության բուրգում 2-րդ մարդը լինել. քաղաքագետ

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հավակնություն ունի իշխանության բուրգում երկրորդ մարդը լինելու։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ընդգծելով, որ հենց սրանով էլ կարելի է բացատրել աղմկահարույց կոռուպցիոն սկանդալը էկոնոմիկայի նախարարությունում։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց, որ այսպես թե այնպես աղմկահարույց գործերը քննում է քննչական կոմիտեն։ Ըստ նրա, էկոնոմիկայի նախարարությունում հարուցված քրեական գործը, որտեղ ներգրավված է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, խաթարում է նրա դիրքերը իշխող թիմի ներսում:

Նահանջ էր ժողովրդավարությունից. Սուրենյանցը` ավագանու անդամներին մանդատից զրկելու մասին

«Ինձ այդ մասին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներից են ասել. ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հավակնություն ունի իշխանության բուրգում երկրորդ մարդը լինելու։ Կարծում եմ՝ տրամաբանություն կա այս ասածներում, քանի որ ամեն տեղ քննչականը կա։ Եթե այս ամենը ճիշտ լինի, ապա ոչ միայն Ալեն Սիմոնյանը (կալանավորել են նրա եղբոր կնոջը- խմբ.) պետք է վախեցած ու զգուշացած մնա, այլ մնացած բոլորը, որովհետև Փաշինյանի հավանությամբ Քյարամյանը թիրախավորելու է իր պոտենցիալ բոլոր մրցակիներին»,– նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով` առաջիկա շաբաթներին նմանատիպ «մասկի-շոու» թատրոններ կտեսնենք։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի ինքն Ալեն Սիմոնյանի նկատմամբ, խստիվ դատապարտում է և անթույլատրելի է համարում ԱԺ նախագահի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի կալանավորումը, հատկապես, երբ նա մանկահասակ երեխաներ ունի։

«Դա ահաբեկիչների գործելաոճն է` օգտագործել կանանց և երեխաներին քաղաքական նպատակներով։ Ալենին ուզում ես գործից հանես` հանի, ինքը Նիկոլի թիմում լինելու համար անգամ պահակ կհամաձայնի աշխատել, իսկ Քերոբյանն ընդհանրապես խնդիր չէ, երբ ուզի, կհանի։ Եթե խնդիրներ կան, ապա լուծեք դրանք ընտանիքներ չմտնելով, բայց դա Նիկոլ Փաշինյանի սիրելի ձեռագիրն է ու իր իշխանության արատավոր մշակույթն է»,– ընդգծեց Սուրենյանցը։

Անդրադառնալով Կառլեն Սիմոնյանի կնոջ համար ՔՊ–ի կողմից երաշխավորագիր ներկայացնելու հանգամանքին` քաղաքագետը նշեց` դա ցինիզմ է։ Միևնույն ժամանակ հռետորական հարց հնչեցրեց` ինչու չէին հիշում հումանիզմի մասին, երբ վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանն էր ճաղերի հետևում, ընդ որում հիվանդ, կամ բազմաթիվ բարեգործություններ արած ու միլիոնավոր հարկեր վճարած Գագիկ Ծառուկյանն էր կալանավորված, ինչպես նաև 2 մանկահասակ երեխա ունեցող Տաթև Վիրաբյանը։

bottom of page