top of page

«Ժողովուրդ». Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 18 hours ago
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։

Նախաձեռնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել․ աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։

Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում. թերևս ամենախոշորը՝ քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում: Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց։


«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ չկարողացավ ստանալ՝ թեև գործադրեցինք բավարար ջանքեր»։

 
 
1/2594
bottom of page