«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի
- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Ռիմա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։
Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է: Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է: Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը:
Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները:




















