«Եկեղեցին ֆեդերատիվ կառույց է ու չի կարող մի ուժի ենթակա լինել»․ Գոռ Մադոյան
- 2 hours ago
- 1 min read

Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենակ այն փաստը որ Վատիկան, Երուսաղեմ, Ստամբուլ, Անթիլիաս, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա և այլ երկրների հայահոծ թեմերը պաշտպանում են եկեղեցուն ու Գարեգին Բ-ին՝ ընդդեմ իշխանության հարձակումների, փաստում է, որ ինչքան էլ քարոզեն ու ԿԳԲ-ի ժամկետանց անկետաներով լվան ուղեղները, եկեղեցին ու դրա էլիտան մեկ ուժի տակ չի ու չի էլ կարա լինի՝ ըստ սահմանման: Եկեղեցին ֆեդերատիվ ա ու կառավարվում ա դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայոց կաթողիկոսը, թե կուզեք, ոչ թե բացարձակ միապետ ա, այլ սրբազան Հռոմեական կայսեր նման իշխանության կրող: Եվ դա այդ կառույցի բնածին ուժն ա, աշխարհասփյուռ հայերի միակ միավորիչը` ցանցային հայրենիքը:
Այդ ցանցային, տարասեռ հետաքրքրություններով, ուրույն թեմակալ առաջնահերթություններով կառույցն, իր կառուցվածքից ելնելով իսկ, չի կարող մի ուժի ենթակա լինել` լինի այդ ուժը Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը, Փարիզը, Երևանը, և, նույնիսկ, Էջմիածինը: Այդ իմաստով, տրամաբանական է, որ սփյուռքի հայերը առաջինը դեմ լինեն Փաշինյանի քաղաքականությանը, որովհետև եկեղեցին նրանց բոլորինն ա ու, ի տարբերություն պետական խնդիրների, չես կարող ասել՝ արի քաղաքացիություն ընդունի, նոր որոշելու իրավունք ստացի: Նրանք ոչ թե Գարեգին Բ-ին են պաշտպանում, այլ իրենց` մեծամասնության իրավունքը` ընտրելու կաթողիկոս ու մասնակցելու եկեղեցու կառավարմանը` հենց մեծամասնության դիրքից:
Հ.գ. Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եկեղեցին այս կառույցով ու այդ մոդելով ա գործում, որտեղ թեմերի հայերն, ըստ սահմանման, համարվում են եկեղեցու անդամ ու ձայն տալիս ազգային եկեղեցական ժողովի պատվիրակներին, այս ստատուս քվոն չի փոխվելու»:




















