Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը պարտադիր կդառնա հաջորդ տարի
- 2 hours ago
- 2 min read

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնում է նախարար Արսեն Թորոսյանը:
ԱԺ կայքում ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ (այսուհետև՝ թվային համակարգ), որով սահմանվել է, որ 2026թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով: Ընդ որում, սահմանվել է, որ թվային համակարգում աշխատանքային պայմանագրերը կնքվում են կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը, աշխատողների աշխատանքային իրավունքների իրացումը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն»:
Իր ելույթում Արսեն Թորոսյանը հավելեց. «Առաջարկում ենք թողնել էն, ինչ որ կամավոր կա, ուժի մեջ, այսինքն՝ քաղաքացիներն իրավունք ունենան այսօր էլ այն անել էլեկտրոնային եղանակով, բայց նաև թույլ տալ շարունակել թվային տարբերակով պայմանագրերը կնքելը, մինչև որ բոլոր քաղաքացիներն ունենան նույնականացման քարտեր։ ԱԺ ներկայացված նախագծով առաջարկը հետևյալն է՝ հետաձգել մեկ տարով, այսինքն՝ պարտադիրը ուժի մեջ մտնի 2027թ. հունվարի 1-ից, բայց ՆԳՆ մեր գործընկերոջ հետ քննարկեցինք ու առաջարկում ենք այն ևս 6 ամսով երկարացնել»:




















