ՆԻԿՈԼԻ ԶԵՆՔԸ ԹԻՐԱԽԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՆ Է․․․
- 3 hours ago
- 2 min read

Երբ մեկին ուզում ես ոչնչացնել, սկսիր նրան վարկաբեկել․ - 2018-ից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի օգտագործած զենքն է։ Այդ զենքով եկավ իշխանության ու մինչ այս պահը գործում է նույն զենքով։ Եթե ամբողջացնենք պատկերը կստացվի այսպիսի մի բան։ Նա պայքարում էր ոչ թե անձի, այլ կառույցի դեմ։ Այսօր կա՞ մեկը, որ հավատում է, որ Փաշինյանը նախկիններին էր դեմ․ նա հակադրվեց նախկինների ստեղծած պետությանը, կառույցներին, հաղթանակներին։ Այսօր այդ կառույցները փլուզվում են, իսկ գոյություն ունեցողը նա դարձրել է սեփական շահագործման առարկա։
Դա դա՞ս չեղավ, որ չհավատանք, երբ նա ասում է, որ Եկեղեցու դեմ չի պայքարում, կաթողիկոսի դեմ է պայքարում։ Գործիքները նույնն են՝ վարկաբեկել կառույցի առաջնորդին, որովհետև անարդար մարդու համար ամենահարմար մեթոդը լույսը անջատելն է։ 2018-ին, հիշում եմ, երբ Փաշինյան լրագրողը վարկաբեկման այնպիսի մեթոդներ էր օգտագործում, որոնք դուրս էին թույլատրելիության բոլոր սահմաններից, մի շատ լուսավոր քաղաքական գործչի հետ փոխանակվեցի։ Գիտե՞ք՝ ինչ ասաց․ «Այդ մարդկանց Նիկոլը տեղ չի թողնում, որ հետագայում ուղղեն իրենց մեջքը։ Բարոյական ոչնչացումը ֆիզիկականից վատթար է։ Եթե նա ընտրվի, դժվար թե Հայաստանը կարողանա ոտքի կանգնել»։ Այսօր արդեն ականատեսն ենք դրան ։ Երբ նրա թիրախներն ուզում են ուղղել իրենց մեջքը, հիշեցվում է նախկին թալանը, չնայած հիմա հանրության համար Փաշինյանը նրանց գերազանում է։ Հոգեբանական դաշտում Փաշինյանը ստեղծում է մշտական ճնշում, նվաստացում, բարոյական խայթոց՝ այնպես, որ մեջք ուղղելը, կանգնելը դառնում է անհնարին, վտանգավոր։ Մոռացության է մատնվում այն, որ նախկինում ունեինք՝ Արցախ, ամբողջական տարածքներ, հաղթած պետություն, ոգի։
Այսօր նույն վարկաբեկման մեթոդը գործադրվում է Եկեղեցու դեմ՝ կաթողիկոսի անձնավորման միջոցով։ Առաջին հարվածը հասցվեց Արշակ Սրբազանին, նրա անունը դարձավ քաղաքական խաղի առարկա։ Առկա են երեք անկախ երկրների փորձագիտական եզրակացություններ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութը կեղծ է։ Սակայն հոգեբանորեն դա հեշտ չէ ընդունել՝ մարդկանց մեջ նստվածքը մնում է, որովհետև նա «լցված կեղտաջրի դույլով » շարունակում է ցփնել արատավորումները։ Նորից հիշում եմ իմ նախկին զրույցը․ «Այդ մարդկանց Նիկոլը տեղ չի թողնում, որ հետագայում ուղղեն իրենց մեջքը։ Բարոյական ոչնչացումը ֆիզիկականից վատթար է»։ Ինչու՞ եմ հիշում։ Որովհետև, ինչքան էլ փորձենք մաքրել ցփնած կեղտը, հետքերը դժվար են անցնում։ Յուրաքանչյուրդ ձեր մեջը նայեք՝ տեսեք, նստվածքից ինչ որ մի գորշ գույն մնացե՞լ է ձեր մեջ։ Մարդիկ, նույնիսկ տեսնելով փաստերը, դեռ զգում են ճնշման ազդեցությունը՝ բարոյական խեղաթյուրումն ու վարկաբեկումը շարունակվում է, և անցյալի հիշողությունը դժվար է մաքրել։ Մինչ այն պահը, երբ կփակվի ծորակը, կհեռացվի «արատավորումներով առատորեն լցված դույլը»։




















