Ես չեմ կարող 30 անգամ ձգվել, բայց կարող եմ 100 կմ հեծանիվ քշել, իրենք կարո՞ղ են ձգվել. թող 30 անգամ ձգվեն կամ 100 կմ հեծանիվ քշեն, կխոստովանեմ՝ ուժեղ են. Փաշինյան

Հանրային հաղորդակցություն ինչու՞ տեղի չի ունենում: Ես տասնյակ առիթներով, նույնիսկ ուղիղ եթերով շփվում եմ մարդկանց հետ, ո՞վ է զրկված ուղիղ եթերից: Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մտնել ուղիղ եթեր, թող մտնի ուղիղ եթեր, ասի՝ ի՞նչ է ասում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Որ մի հատ էլ ուժեղի և թույլի հարց են բարձրացնում, մի հատ հասկանանք՝ իրենք ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ։ Եթե իրենք կարողան 30 անգամ ձգվել, այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն: Ես չեմ կարող 30 անգամ ձգվել, անկեղծ ձեզ ասեմ, բայց կարող եմ 100 կմ հեծանիվ քշել։ Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ: Կարո՞ղ են ձգվել, թող ձգվեն, ուրիշ ինչի՞ց են ուժեղ:
Ինտելեկտի՞ց են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը, ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։
Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով: Եթե դա որևէ մեկն ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել։ Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, որոնք աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով: Իրենք թույլ են, որպես բիզնեսմեն, իրենք թույլիկ են ուղղակի: Հիմա հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է և իրենք հայտնվելու են և շարունակաբար հայտնվում են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում արժանի են»,-նշել է նա։
Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով, այդ մարդկանց փողերի մի հսկայական մասն իրենցը չէ, այլ օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինը, իսկ նրանք պարզապես կառավարիչներ են:
«Դուք հիշում եք հանրահայտ Պրիգոժինի կադրը՝ Ռուսաստանի նախագահին ուտելիք մատուցելիս։ Այդ մարդիկ նույնիսկ առաջին դեմքերին չեն ուտելիք մատուցող, այդ մարդիկ երրորդ, չորրորդական կարգի դեմքերին ուտելիք մատուցողներ են և հիմա եկել են, Հայաստանում ուզում են ներկայանալ որպես ուժեղ:
Ինչի՞ց են ուժեղ, ինչի՞ց, կարդացած են, ինտելեկտուալ են: Թող ձգվեն 30 անգամ, ես կխոստովանեմ, որ իրենք ուժեղ են, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, կամ թող 100 կմ հեծանիվ քշեն, կխոստովանեմ, որ ուժեղ են»,-նշել է Փաշինյանը:




















