Ուրախ ավտոբուսում ամբողջ օրն ուտում-ուտում են, այդպես էլ վերցրած 8 միլիարդ պարտքը կերան, զարմանալի է, որ մարսում են, փորկապություն չունեն. Ռոբերտ Քոչարյան
- May 24
- 2 min read

«Առաջարկում եմ մի փոքր մտավարժանք իրականացնենք և պատկերացնենք, թե իրավիճակը տեղափոխվել է 2021 թվականի մայիս. ընթանում է քարոզարշավ և Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդ ջան ես ձեզ սիրում եմ, սրտիկներ է շռայլում»,-Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի քարոզչական հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա հավաքվածներին առաջարկեց պատկերացնելո որ այդ խոսքերից հետո Փաշինյանը հայտնում է, որ ամեն ինչ թանկանալու է։
«Պատկերացրեք ասի՝ անելու եմ ամեն ինչ, որ ձեր գույքահարկը թանկանա, որ դուք վարձով ապրեք սեփական տներում, ժողովուրդ ջան, այդքան ձեզ սիրում եմ։ Գիշեր-ցերեկ անելու եմ ամեն ինչ, որ Արցախը հանձնենք, որ Եռաբլուրը եռապատկենք։ Ու պատկերցնում եք, որ հետո նա հաղթում և ձևավորում մեծամասնություն խորհրդարանում։
Հնարավո՞ր է դա ընդհանրապես պատկերացնել։ Այս քաղաքական թիմը քաղաքական խարդախներ են։ Խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր։ Ընդհանրապես արել են ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքը ունի զրոյական արժեք։ Պատրա՞ստ ենք մի անգամ էլ քվեարկել նրանց օգտին»,-Երկրորդ նախագահը դիմեց բնակիչներին և ստացավ բացասական պատասխան։
Նա նշեց, որ որ 8 տարվա ընթացքում իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 8 միլիարդով՝ բայց ոչ մի խոշոր ծրագիր չեն իրականացրել։
«Խոստանում էիք Աջափնյակի մետրո՝ 0։ Երևանում խցանումները խնդիր են դարձել։ Խոստանում էին կանաչապատում՝ Երևանում ավելի աղտոտված օդ ունենք։ Սա նորմալ չէ մի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է»,-ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ «Լինսի» հիմնադրամի օգնության ծրագրի ծավալը 230 միլիոն դոլար էր, և կարող է ցույց տալ, թե որքան բան է կառուցվել Երևանում այդ գումարով։
«Ո՞ւր է 8 միլիարդը։ Միայն լափել են։ Ուրախ ավտոբուսի մեջ ամբողջ օրը ուտում-ուտում են, այդպես էլ 8 միլիարդը կերան։ Զարմանալի է, որ մարսում են։ Փորկապություն չունեն։ Այդ փորկապությունը լինելու է հունիսի 7-ից հետո՝ հունիսի 8-ին։ Գիտե՞ք չէ մի սարք կա, որ մեջը ջուր են լցնում։ Փորկապության բուժման միակ գործիքը դա է։ Բուժելու ենք։ Պացիենտը բուժման կարիք ունի»,-ասաց նա։
Անդրադառնալով անվտանգության խնդրին, Քոչարյանը նշեց, որ երկիրը պետք է ունենա մրցունակ բանակ, ուժեղ առաջնորդ, այդ ամենի հետ միասին՝ նաև հզոր դաշնակից։
«Բանակը դարձել է պահակային բանակ, որովհետև բանակի 90 %-ը միայն պահակություն է անում։ Ե՞րբ եք լսել զորավարժությունների մասին, ոչ շքերթի, այլ զորավարժությունների... Քանի տարի է չի եղել; Ոչինչ չի արվում»,- ասաց Քոչարյանը և անցավ երկրորդ բաղադրիչին.
«Ուժեղ առաջնո՞րդ։ Ունե՞նք մենք այսօր ուժեղ առաջնորդ։ Խայտառակություն է, կզած, ծնկած, երկիրը խայտառակող, հարբեցող։ Հզոր դաշնակի՞ց։ Ամեն օր հետևողականորեն փչացնում են հարաբերություններն այդ դաշնակցի հետ, ինչի՞ համար, որ ստեղծեն մի վիճակ՝ ձեզ ասելու, որ ժողովուրդ ջան, ելք չունենք, մենակ ենք, ոչ ոք մեր կողքին կանգնած չի, խեղճ ենք ուրեմն պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին։ Միայն թշնամին կարող է առաջնորդել երկիրն այս տարբերակով։ Մենք սա մերժում ենք»։
Ամփոփելով խոսքը՝ նա շեշտեց՝ ով քվեարկում է Նիկոլի օգտին, քվեարկում է Ալիևի օգտին։




















