Մերձավոր Արևելքի հիմնական իրադարձությունները՝ մայիսի 13-ի առավոտվա դրությամբ
- 1 hour ago
- 1 min read

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում ընթացող բանակցությունների մասին հաղորդագրությունները միայն երկխոսություն հաստատելու փորձեր են արտացոլում․ կապերը անկանոն բնույթ ունեն և առայժմ արդյունք չեն տվել։
Միաժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է մնալ երկարատև էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am ներկայացնում է Մերձավոր Արևելքում չորեքշաբթի գիշերն արձանագրված հիմնական իրադարձությունների հակիրճ ամփոփումը։
Քուվեյթին պատկանող Բուբիան կղզի ներխուժելու փորձ է կատարել իրանցի զինվորականների խումբը, հայտնում է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը։ Ըստ նրա տվյալների՝ ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող վեց մարդ փորձել է ծովով ներթափանցել երկիր։ Տեղական անվտանգության ծառայությունների հետ բախումներից հետո հարձակվողներից չորսը ձերբակալվել են, իսկ երկուսը թաքնվել են, նշել է նախարարությունը։
Իսրայելի իշխանությունները մտահոգված են այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնագիր կնքել Իրանի հետ՝ չլուծելով մի շարք առանցքային հարցեր, որոնք հանգեցրել էին հակամարտության սկսվելուն, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած պաշտպանական առաքելությանը՝ Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, չորեքշաբթի հայտարարել է պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։
Իրանն ակտիվ մուտքը վերականգնել է Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող 33 ստորգետնյա հրթիռային բազաներից 30-ի նկատմամբ, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության վերջին տվյալներին ծանոթ աղբյուրներին։
Իրանը ԱՄՆ-ից առաջ է քաշել հինգ պահանջ, որոնք անհրաժեշտ են հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու համար, հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նշվում է, որ պահանջները ներառում են՝ «պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում», «հակաիրանական պատժամիջոցների վերացում», «իրանական միջոցների ապաշրջափակում», «պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում» և «Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում»։




















