top of page

Փաշինյանի հայտարարության տոնը եւ տրամաբանությունը ակնհայտորեն այն մասին է, որ նա պարզապես «փոշմանել» է. Քաղաքական վերլուծաբան

  • 1 hour ago
  • 2 min read

«Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ. «Հեղափոխությունը 18 թվին չէր լինի, կլիներ 2003 թվին, 2004 թվին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին, ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գնացած չլինեին»:



Չխորանանք տարեթվերի մեջ, թե դրանք որքանով են ուղիղ առնչվում Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ գործունեությանը: Այստեղ կարող են լինել շատ տողատակեր»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ արձագանքելով Զարուհի Փոստանջյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի խոսքերին, վիրավորանքներին ու մեղադրանքներին։

Բադալյանը նշում է.

«Հատկանշականն այն է, որ, եթե հեղափոխություն կամ իշխանափոխություն լիներ ավելի վաղ, ապա մեծ հարց է, թե հիմա ինչ կարգավիճակում կլիներ Նիկոլ Փաշինյանը, եւ ընդհանրապես մեծ հարց է՝ քաղաքականության մեջ կլինե՞ր, տեղ կունենա՞ր, թե՞ ոչ: Չէ՞ որ նա այդ տեղը զբաղեցրել է հենց այն պատճառով, որ համապատասխան ընդդիմադիր դիրքավորում է ունեցել նախորդ համակարգի հանդեպ:



Ըստ այդմ, Փաշինյանի այս հայտարարությունը կարծես թե բավականին թափանցիկ արտահայտում է նրա դժգոհություն, որ «հեղափոխությունը մնացել է իր ուսերին»: Չէ՞ որ, ըստ հայտարարության, եթե լիներ ավելի շուտ, ապա ինքը փաստորեն «ազատված» կլիներ դա «անելու» պարտավորությունից, եւ ուրեմն՝ հետագա բեռը ստանձնելու պատասխանատվությունից:



Այլ կերպ ասած, Փաշինյանի հայտարարության տոնը եւ տրամաբանությունը ակնհայտորեն այն մասին է, որ նա պարզապես «փոշմանել» է: Եվ սա հասկանալի է: Ես վերջին շրջաննում պարբերաբար մատնացույց եմ արդլե այդ խնդիրը. այո, նա իհարկե ամեն գնով փորձելու է պահել իշխանությունը, բայց ամբողջ «հոգով ու մտքով» նա փնտրելու է դրանից ԵԼՔ: Հենց այսօր է Նիկոլ Փաշինյանի համար բառի բուն առումով ամբողջանում այն անվանման իմաստը, որ իր մասնակցությամբ դաշինքին վերագրվեց 2017 թվականին՝ ԵԼՔ:



Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ: Եվ նկատեք, ի՞նչ է նրա քարոզարշավը, եթե ոչ ամբողջ հոգով, մտքովվ, անգամ մարմնով անել առավելագույնը, որպեսզի հանրությունը հիասթափվի իրենից, որպեսզի հանրությունը գնա եւ քվեարկի իրեն հեռացնելու համար: Էլ ի՞նչ պետք է անի կամ աներ Փաշինյանը, հանրության մոտ այդ մղումը, մոտիվը, ցանկություն, անհրաժեշտության գիտակցումը առաջացնելու համար»։

 
 
bottom of page