Մարդիկ տունը կորցնելու վտանգի առաջ են, իսկ պետությունը «ցրում է» նրանց
- 2 hours ago
- 2 min read

MediaHub-ը Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ իրենք տարիներ շարունակ չեն կարողանում սեփականաշորհել այն շենքի բնակարանները, որտեղ ապրում են երեք տասնամյակից ավելի։
Գանք սկզբից. Քասախում երկու շենք կա, որտեղ բնակվում են 1988 թվականին Բաքվից գաղթած փախստականները։ Նրանք այդ տները ստացել են, վերանորոգել, կարգի բերել ու ապրել այնտեղ, թեև միշտ վախ են ունեցել, որ օդից կախված վիճակում են ու մի օր իրենց ուղղակի կասեն՝ լքեք բնակարանները։ Տարիներ շարունակ նրանք դիմել են բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կարողանան սեփականաշնորհել բնակարանները, բայց, իրենց պատմելով, պետությունը միշը մի պատրվակ է գտել փաստաթղթերը չտրամադրելու համար։
Բնակիչները պատմում են՝ դուռ չի մնացել, որ չթակեն։«Նամակով դիմեցինք վարչապետին, էնտեղից ուղարկեցին Սոցապ նախարարություն, այնտեղից էլ ասացին՝ համայանքային սեփականություն ա, համայնքն էլ չի անում՝ պատճառաբանելով, թե փաստաթուղթ է պակասում»,- ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը։
Ի դեպ, փաստաթուղթը, որն ըստ համայնքապետարանի, պակասում է, պետք է տրամադրի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, սակայն չի տրամադրում։ Համայնքապետն ասել է, որ այդ թուղթը ձեռք բերելը բավականին բարդ է, իրենք չեն կարողանում դա անել.«Բա որ համայնքապետը չի կարողանում այդ թուղթը ստանալ, մենք՝ սովորական քաղաքացիներս դա ո՞նց անենք»։
Մեր զրուցակցի խոսքով՝ այդ երկու շենքերում ապրում է փախստականների 44 ընտանիք, և հիմա վտանգ կա, որ այդ մարդիկ կհայտնվեն փողոցում։«Համայնքում խոսակցություններ կան, որ շենքն ուզում են քանդել, սուպերմարկետ սարքել, դրա համար էլ պատկան մարմիներից ոչ մեկն ընթացք չի տալիս սեփականաշնորհման գործընթացին։
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համարMediaHub-ը հերթով դիմեց պատասխանատու կառույցներին, բայց ապարդյուն։ Ինչպես քաղաքացիների, այնպես էլ մեր հարցերը մնացին անպատասխան, քանի որ այդպես էլ չգտանք՝ ով է խնդրի հասցեատերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, փաստորեն, արձակուրդում է նաև խոսնակը, որն ակտիվորեն մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին, և բնականաբար, պատրաստ չէ մեր հարցերին պատասխանել, բայց գոնե ուղղորդեց դիմել Կադաստրի կոմիտե։
Այնտեղից էլ ասացին, թե խնդիրը Նաիրիի համայնքապետրանի տիրույթում է։ Հույսով, թե խնդրի կծիկը կկարողանանք բացել՝ համայնքապետի հետ զրուցելու արդյունքում, կապ հաստատեցինք վերջինիս հետ, սակայն, պարզվեց՝ նա ևս արձակուրդում է և մասնակցում է քարոզարշավի։
Եվ մինչ այս մարդիկ քարոզարշավ են իրականացնում, հորդորում մարդկանց ձայն տալ ՔՊ-ին, 44 ընտանիք շարունակում է ահը սրտում ապրել, թե կարող է բաց երկնքի տակ հայտնվել՝ կորցնելով իր տանիքը։




















