«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԵՆ ՏԱԼԻՍ, ԵՐԲ ԱՆԳԱՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՉԷ
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 2 min read

Նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել էր Աբու Դաբի՝ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ․ մրցանակաբաշխությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ եւ Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը, Սուրբ Աթոռի մշակույթի եւ կրթության դեպարտամենտի պրոֆեկտ Նորին սրբազանություն կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ինչպես արդեն հայտնի է, Փաշինյանն ու Ալիեւը «խաղաղություն» հաստատելու համար մեկնել են խաղաղության մրցանակը ստանալու, որը շնորհվել է Հայաստանի Հանրապետությանը եւ Ադրբեջանին։
Այդ մրցանակը ստանալուց ընդամենը 15 ժամ անց Բաքվի դատարանը հայ ռազմաքաղաքական ղեկավարության ճնշող մեծամասնությանը ցմահ ազատազրկման դատապարտեց, իսկ տարեց նախագահներին՝ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին` 20 տարվա ազատազրկման:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Նախ, ուզում եմ ասել, որ շատ տարօրինակ է՝ տալ խաղաղության մրցանակ մի պայմանագրի շրջանակներում, որն անգամ ստորագրված չէ եւ, ըստ էության, դեռ գոյություն չունի: Այն ֆորմալ մրցանակ է, ուստի իրենից միայն մի բան է ներկայացնում` Նիկոլի քարոզարշավի սպասարկում, խաղաղության կեղծ օրակարգի պրոպագանդում, ավելի կոնկրետ` հերթական փուչիկ փիառն է, իսկ իրականում` խաղաղության մրցանակին զուգահեռ, այո, Բաքվում հայ ռազմագերիները ցմահ ազատազրկման են ենթարկվում, խոշտանգվում են, իսկ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զորավարժություններ անել, ռազմական բյուջեն է մեծացնում եւ ամեն գնով դառնում է միլիտարիզացված երկիր։ Ասեմ ավելին` երեխաներին մանկահասակ տարիքից` մանկապարտեզից, պետական մակարդակով ռազմահայրենասիրական դասեր են տալիս, բարձրացնում են երեխաների ռազմահայրենասիրական ոգին, իսկ մենք՝ բոլորս գիտենք, թե դա ինչ է նշանակում: Կան տեսանյութեր, թե ինչ է կատարվում ադրբեջանական մանկապարտեզներում եւ ցածր դասարաններում: Նրանք պայքարում են թշնամու կերպարի դեմ՝ թիրախավորելով հայերին: Ադրբեջանը չի դադարում իր հայատյաց քաղաքականությունը, շարունակում է «Արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտը պաշտոնական մակարդակով առաջ տանել եւ բոլորովին չի ցանկանում խաղաղության մասին լսել: Էլ չենք խոսում այն օկուպացված տարածքների մասին, որոնցից դուրս գալու մտադրություն անգամ չունի: Այնպես որ, խաղաղության մրցանակը փուչիկ է, որը փորձում են վաճառել մեր հանրությանը` Նիկոլի քարոզարշավի ժամանակ: Իսկ իրականությունը սարսափելի է»:
Հարցին` ո՞ր պարագայում Բաքուն Հայաստանին կվերադարձնի հայ ռազմագերիներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչպես բազմիցս ենք լսել միջազգային գործընկերների կողմից` Հայաստանը պաշտոնապես հետաքրքրված չէ այդ հարցով եւ այդ հարցով չի ցանկանում զբաղվել: Առանց պետական մարմինների ինտենսիվ աշխատանքի՝ այն հնարավոր չէ: Պետք է երկրում լինի մի իշխանություն, որն այդ հարցով զբաղվելու ցանկություն կդրսեւորի»: Ինչո՞ւ խաղաղության ձգտող ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքը չեն լքում։ «Ադրբեջանն ասում է, որ այդ հարցը ոչ թե խաղաղության պայմանագրով պետք է որոշվի, այլ` դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շրջանակներում, իսկ այդ պրոցեսն ադրբեջանական կողմը չի ցանկանում կապել խաղաղության գործողությունների հետ: Ադրբեջանն ասում է` այդ պրոցեսը կարող է տեւել տասնամյակներ, ինչպես, օրինակ` Ադրբեջան-Վրաստան պրոցեսները, եւ ո՞վ ասաց, որ արդյունքում չի «պարզվի», որ այդ տարածքները բոլորովին էլ հայկական տարածքներ չեն, այլ ադրբեջանական են: Ադրբեջանն այս հարցում եւս որեւէ պատրաստակամություն չի դրսեւորում»,- ասաց մեր զրուցակիցը:




















