top of page

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե

  • 2 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Canyon-ի պաշտոնական կայքում Aeroad CF SLX 7 Di2 մոդելը վաճառվում է 5,099 դոլարով, CF SLX 8 Di2-ը՝ 6,199 դոլարով, CF SLX 9 Di2-ը՝ 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։ Լուսանկարից հեծանիվի ճշգրիտ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ խոսքը «սովորական» հեծանիվի մասին չէ։

Այսինքն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ուսումնասիրեցինք նրա հայտարարագիրը, բայց հեծանիվի մասին տվյալներ չգտանք։

Այս թանկարժեք հեծանիվի արժեքը ուշագրավ է այնքանով, որ Armstatի հրապարակած 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրել է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում պատկերը շատ ավելի ծանր է․ Շիրակում աղքատությունը կազմել է 43.0%, Տավուշում՝ 39.9%, Վայոց ձորում՝ 30.3%։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա ընտրությունն են՝ դեղորա՞յք, սնո՞ւնդ, թե՞ կոմունալ վճար։ Իսկ սոցիալական հարցերի նախարարը գերթանկարժեք հեծանիվ է վարում։

Քանի դեռ Հայաստանի հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել աղքատության պայմաններում, հանրային պաշտոն զբաղեցնող անձի ցուցադրական թանկարժեք առօրյան դառնում է ոչ միայն անձնական ճաշակի, այլև քաղաքական ու բարոյական պատասխանատվության թեմա։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, իհարկե, վկայի կարգավիճակով, անցնում է COVID-19ի քրեական գործով, որը 6 տարի շարունակ քննում է»։

 
 
1/2737
bottom of page