Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանի բանակը հնարավորինս ուժեղ լինի. իսրայելցի գեներալ
- 1 hour ago
- 1 min read

Արագ փոփոխվող աշխարհում և բարդ տարածաշրջանում Հայաստանի գոյատևման միակ ձևը հզոր լինելն է։ Այս մասին «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմի փորձագետ Ցվիկա Հայմովիչը։
Գեներալը հիշեցրել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը լի է մարտահրավերներով ու սպառնալիքներով, այն արագորեն փոփոխվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է։
«Բայց մենք պետք է մարտահրավերներին հակազդենք աշխատանքով և լուծումներով։ Ազգային անվտանգության ծրագիրը կողմնացույց և ուղեցույց է մեր որոշումների համար, որն ուղղված է զինված ուժերի ամրապնդմանը։ Ես ավելի քան 30 տարի ծառայել եմ բանակում և գիտեմ, թե ինչ է նշանակում պաշտպանել սեփական ժողովրդին ու հողը։ Այսօր սպառնալիքները շատ են, բայց մենք գիտենք, թե ինչ անել և ինչպիսին պետք է լինեն Զինված ուժերը, ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի բանակը լինի հնարավորինս հզոր»,- նշել է գեներալը։
Նրա խոսքով՝ ազգային անվտանգությունը պահանջում է ուժեղ առաջնորդություն և ճիշտ որոշումների կայացում։ «Ուժեղ պաշտպանությունը ստիպում է հակառակորդին զսպվածություն ցուցաբերել։ Գոյատևելու միակ ճանապարհն ուժեղ լինելն է»,- եզրափակեց գեներալը։




















