top of page

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել վերականգնելու բարձր մակարդակի զինվորականների միջև երկխոսությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել վերականգնելու բարձր մակարդակի զինվորականների միջև երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ սա Ուկրաինայում բանակցություններում առաջընթացի արդյունք է։


Գեներալ Ալեքսուս Գրինկևիչը լիազորվել է ղեկավարել ԱՄՆ-ի երկխոսությունը Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ՝ «անկանոն սրացումը կանխելու մեխանիզմ ապահովելու համար»։ «Այս ուղին կապահովի զինվորականների միջև փոխգործակցության կայուն ձևաչափ, քանի որ կողմերը շարունակում են աշխատել երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ», - հաղորդել է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարությունը։

Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում քննարկել են ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (START) երկարաձգումը, որի ժամկետը լրանում է այսօր կեսգիշերին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողները քննարկել են այս հարցը Աբու Դաբիում, որտեղ փետրվարի 4-5-ը տեղի են ունեցել Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ բանակցություններ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի ռազմական շփումները դադարեցվել են 2021 թվականի աշնանից։ ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալներով՝ դրանք վերսկսելու որոշումը հնարավոր է դարձել Ալեքսուս Գրինկևիչի և «ռուս և ուկրաինացի բարձրաստիճան զինվորականների» հանդիպումից հետո։ Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակության կազմում էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ։

 
 
1/2640
bottom of page