«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերին
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Միլանի «Ինտերի» երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել թիմի առաջիկա երեք արտագնա հանդիպումներին։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ակումբի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել երկրպագուներից մեկի կողմից թույլ տրված միջադեպի պատճառով։
Խոսքը «Կրեմոնեզեի» դեմ հանդիպման մասին է, որի ընթացքում «ներաձուրիների» երկրպագուներից մեկը ճայթրուկ է նետել մրցակցի դարպասապահ Էմիլ Աուդերոյի ուղղությամբ։ Բարեբախտաբար, միջադեպը լուրջ հետեւանքներ չի ունեցել. ֆուտբոլիստը վնասվածք չի ստացել և կարողացել է շարունակել հանդիպումը։
Որոշման համաձայն՝ արգելքը գործելու է մինչև մարտի 23-ը և տարածվելու է «Սասուոլոյի», «Լեչեի» և «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղերի վրա։ Հատկանշական է, որ սահմանափակումը չի վերաբերում մարտի 8-ին «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք «Միլանի» դեմ դերբիին, թեև այդ խաղում «Ինտերը» պաշտոնապես հանդես է գալու հյուրի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը ներկայումս վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 23 խաղում վաստակելով 55 միավոր։ Երկրորդ հորիզոնականում ընթացող «Միլանն» իր ակտիվում ունի 50 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Նապոլին»՝ 46 միավորով։




















