ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ի՞նչ պետք է ասեր, որ չգիտեինք. Թևանյան
- 6 hours ago
- 2 min read

«Ես նույնիսկ պատգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներն անցել»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով «պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ»-ի մասին ՔԿ հաղորդագրության վերաբերյալ։
Նա նշեց, որ այս իշխանությունների անլրջությունը, մառազմը կայանում է նրանում, որ նախ այս իշխանությունների գործողություններից Հայաստանում տեղեկանում են ադրբեջանական լրատվամիջոցներից, երկրորդ՝ այս իշխանության պարագայում խոսել գաղտնիության մասին, ծիծաղելի է, քանի որ շատ դեպքերում հենց իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցներով կամ այլ ԶԼՄ-ների էջերում են հայտնվում գաղտնի նիստերի մասին ամբողջական տեքստեր։
«Այդ ի՞նչ գաղտնիք պետք է ասեին, որ մի հատ էլ հետաքրքրվեինք։ Գիտեինք, որ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգն են սպասարկում, ի՞նչ գաղտնիք կար այդտեղ պարզելու այն էլ 2024-ին։ 2022-ին գաղտնի էին պահում, որ ուզում են Արցախը հանձնել, բայց ես ԱԺ ամբիոնից հայտարարարություն եմ արել այդ մասին։ Այդ օրերին պնդում էին, թե սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում, հիմա ասում են՝ արել են գիտակցված»,- ասաց Թևանյանը։
Բացի այդ, ըստ նրա, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ի՞նչ պետք է ասեր, որ չգիտեինք այդ մասին, ամբողջ աշխարհը չգիտեր։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։




















