Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերшզմ». եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան` նախ պետք է հաղթել նրան հենց այդ՝ «հիշողության» պատերшզմում․ Արմեն Աշոտյան
- 3 hours ago
- 2 min read

Պատերազմ՝ մեր հիշողության դեմ․ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե ստամոքսը, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
«ԱԺ ընտրություններից անցել է 2 շաբաթ, և սպասելի էր, որ կրքերը չեն հանդարտվելու նման զարհուրելի էլեկտորալ բեմադրությունից հետո:
Սակայն խնդիրն ավելի խորքային է, քան կեղծված ընտրությունների արդյունքը կամ այդպես էլ չհանգուցալուծված ճգնաժամն է:
Իրոք, ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել Նիկոլի պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:
Կարծում եմ, որ բնական էր և անխուսափելի, որ միայն քաղաքական գործիքակազմով, այն է՝ խորհրդարանական ընտրություններով՝ 2020-ից առկա ճգնաժամը չէր հանգուցալուծվելու: Բացատրությունն էլ հստակ է՝ 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը գտնվում է շարունակվող, հյուծող, բզկտող՝ ոչ թե քաղաքական, այլ՝ արժեհամակարգային ճգնաժամի մեջ:
Անցած ընտրություններին մենք՝ որպես հասարակություն, ընտրում էինք ոչ միայն ապագայի ուղիների, այլև անցյալի գնահատականների միջև: Մեր քվեարկությամբ մենք պատասխանում էինք ոչ միայն՝ «որտե՞ղ գնանք», այլև՝ «որտեղի՞ց ենք գալիս» հարցին:
Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ բոլոր խայտառակ ճնշումներով, կեղծիքներով, միջամտություններով և նախընտրակաշառքներով հանդերձ՝ Փաշինյանին հաջողվել է ձևավորել իր քայքայիչ, ռևիզիոնիստական «նոր բարոյականության» երկրպագուների բազմությունը: Այո՛, նա դեռ չունի այդ օրակարգի շուրջ մեծամասնություն, բայց միացյալ ընդդիմությունն էլ պիտի արձանագրի, որ «դասական հայրենասիրության» շուրջ այլևս չկա մեծամասնություն:
Նախընտրական արշավի ընթացքում, պատկերավոր ասած՝ առաջին խաղատախտակը «ստամոքսի» մասին էր՝ թոշակներից մինչև նոր աշխատատեղեր, բայց առնվազն երկրորդ խաղատախտակը «սրտի» մասին էր՝ «Արարատից՝ Արագած»:
Բոլորովին չթերագնահատելով «ստամոքսի» էլեկտորալ և մոբիլիզացիոն պոտենցիալը, շեշտում եմ, որ Հայաստանի ապագայի համար մղվող գոյաբանական մարտադաշտը «սիրտն» է՝ մեր անցյալի համար մղվող պայքարը:
Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ», և եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան, ապա նախ պիտի հաղթել նրան հենց այդ՝ «հիշողության» պատերազմում:
Ինչպես հռոմեացի պատմաբան Տակիտոսն էր դիմում. «Մարտի մեկնողներ, հիշե՛ք թե՛ ձեր ժառանգներին, թե՛ ձեր նախնիներին»»,-գրել է նա։




















