top of page

Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հшրձակվում են ոչ թե յшթաղանով, այլ ուրացման պարտադրանքով․ նպատակը նույնն է՝ ջնջել հայկական հետքը․ Իշխան Սաղաթելյան

  • 9 minutes ago
  • 3 min read

Այսօր՝ Հայոց Ցեղասպանությունից 111 տարի անց, մենք կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ Այս մասին Ջահերով երթից առաջ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«111 տարի առաջ մեզ ցանկանում էին բնաջնջել՝ փորձելով ոչնչացնել մեր ինքնությունը։ Ուզում էին, որ մենք մոռանանք մեր խորհրդանիշները, չխոսենք հայերեն, չերգենք մեր երգերը, չունենայինք մեր եկեղեցիներն ու դպրոցները և ուրանանք մեր պատմությունը։

Հայոց Ցեղասպանությունը մեր հազարամյա պատմության մեջ մեր տեսակի դեմ իրականացված ամենասարսափելի և ամենազազրելի հարձակումն էր, որը մեր ժողովուրդը ապրեց, բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել վերականգնվել ու պետականություն կառուցել։

Հայկ Նահապետից մինչև Ավարայր, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ՝ մեր պայքարի գլխավոր նպատակը եղել է պահել մեր ինքնությունը՝ մնալ հայ։ Իսկ այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։ Նպատակը նույնն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։

  • Մեզ ստիպում են չոգեշնչվել Արարատով։

  • Մեզ ստիպում են մոռանալ Արցախը և այնտեղ կատարված ոճիրը։

  • Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։

Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում  ոչնչացվում են մեր եկեղեցիները, երբ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում, երբ փաստացի շարունակվում է ցեղասպանական քաղաքականությունը և այս ամեն ինչը արվում է այս շենքում նստած  հանցագործի՝ Փաշինյանի մասնակցությամբ և  մեղսակցությամբ:

Մեզ համատեղ ուժերով սպառնում են, որ հրաժարվենքլ մեր իրավունքներից։ Բայց մենք գիտենք պատմության դասը.



Նա ով հրաժարվում է անցյալից, կորցնում է իր ապագան։

Նա, ով զիջում է հայրենիքի մի մասը՝ հույսով, որ կփրկի մնացյալը, թշնամուն է տալիս մեզ բնաջնջելու հնարավորություն։

Նա, ով լռում է սեփական սրբավայրերի ավերման մասին, լռությամբ դառնում է  գործիք ՝ ինքնության դեմ պայքարում։

Նա, ով փորձում է սիրաշահել թշնամուն՝ ուրանալով նահատակների արյունը, կորցնում է դաշնակիցների հարգանքը և մնում մեն-մենակ ոճրագործի դեմ։

Նա, ով հավատում է, թե ինքնության հաշվին կարելի է անվտանգություն գնել, ստանում է նոր գաղթի ճանապարհ։

Իսկ որն է այս ամենին մեր պատասխանը։ Մեր պատասխանը հստակ է՝



Չենք հրաժարվելու մեր պատմությունից


Չենք ուրանալու մեր անցյալը

Թույլ չենք տալու շարունակվի այս ուրացման քաղաքականությունը:



Արարատը մեզ համար վտանգ չէ, այլ ոգեշնչման աղբյուր

Ազգային հզոր բանակ ունենալը  պատերազմի հրավեր չէ, այլ խաղաղության միակ իրական երաշխիք։

Մենք Ցեղասպանության միջազգային  ճանաչումը պահանջում ենք ոչ միայն անցյալի , այլ նաև այսօրվա և ապագայի համար։ Եթե աշխարհը չի ճանաչում երեկվա ոճիրը, դա լեգիտիմություն է նոր ոճիրների համար: Ցեղասպանության ուրացումը կանաչ լույս է նոր ցեղասպանության համար: Հետևաբար  սատարել  Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշանակում է սատարել և պաշտպանել  մեր անվտանգությունը։


Ուրեմն ջահերով այս երթը պատասխանն է մեզ պարտադրվող ուրացմանը, նահանջին ու լռությանը:



Մենք ասում ենք՝ հաշտ չենք այս իրավիճակի հետ.



Չենք պատրաստվում զիջել մեր իրավունքները :

Չենք պատրաստվում նորից հանձնվել Թուրքիայի ու Ադրբեջանի գթասրտությանը, որովհետև տեսել ենք դրա արդյունքները:



Մենք ասում ենք՝ Թուրքիան շարունակում է Հայաստանը պահել շրջափակման մեջ, Թուրքիան է փակել հայ-թուրքական սահմանը, և հենց Թուրքիան էլ պետք է բացի սահմանը, առանց որևէ նախապայմանի։



Մեր անցյալը, մեր թափած արյունը, մեր պատմությունը բանակցության և սակարկման առարկա չէ։



Մենք ասում ենք՝ Մենք ցեղասպանությունից հետո ոտքի կանգնած, պետություն ենք և  ժողովուրդ, ուրեմն կարող ենք շրջել և պարտավոր ենք շրջել  ամոթի ու խարանի այս էջը:


Մենք Սարդարապատ հաղթած ժողովուրդ ենք, ուրեմն կարող ենք հաղթահարել նաև այս դժվարությունները:

Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություններից, որովհետև ոճրագործը  ցեղասպանություն իրականացնելիս կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություններ հաշվի չի առնում:

Ուրեմն հանուն մեր նահատակների, հանուն  մեր հերոսների, բայց նաև մեր զավակների և ապագա սերունդների՝

մենք պետք է ոտքի կանգնենք , միասնական ջանքերով մերժենք այս պառակտումը, ուրացումն ու դավաճանությունը և կառուցենք անվտանգ ու մրցունակ  Հայաստան, որը տեր կկանգնի իր ինքնությանը , ինքնիշխանությանը, իր ժողովրդի հավաքական իրավունքներին և իր պետության տարածքային ամբողջականությանը:

Ուրեմն պայքար, աննահանջ պայքար

Մեր պայքարի ջահը երբեք չի’  հանգչելու»,-նշել է նա։

 
 
1/2812
bottom of page