top of page

Նարեկ Կարապետյանը բացատրել է՝ ինչու են իսրայելցի գեներալին ներառել «Ուժեղ Հայաստանի» անվտանգային ծրագրում

  • 3 hours ago
  • 2 min read

Երեկ մենք ներկայացրինք մեր անվտանգային ծրագիրը: Անվտանգային ծրագրի ներկայացումից հետո շատերն են խոսում, թե ինչու ենք ներգրավել օտարերկրյա պրոֆեսիոնալների, հույն մասնագետի և հիմնականում Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Սվիկա Հայմովիչին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պարտասխանելով նշվող հարցերին:

«Ամենակարևոր սկզբունքը զինվորի անվտանգությունն է։ Մեր զինվորի անվտանգությանը հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ։ Գեներալն աշխարհի հինգ լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է։ Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան և նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերաստեղծման գործում: Ինչո՞ւ:

Որովհետև 2020 թվականին, մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստներն ունեցանք օդային պաշտպանության անկատարության պատճառով, այսինքն՝ մեզ այս պահին հարց բարձրացնողները, թե ինչու ենք հրավիրել, երբ որ քո որդին լինի սահմանին, դիրքերում ու բայրաքթարն իր գլխի վերևը լինի, դու կասես՝ ինչո՞ւ ես իսրայելցի բերել, որ այդ բայրաքթարը խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին, թե՞ կասես՝ ճիշտ ես արել: Դուք ձեր որդիների, եղբայրների վրա օրինակը վերցրեք»,-նշել է նա:

Նա հավելել է, որ իրենք ասում են՝ զինվորի անվտանգությունն է առաջնայինը, որի համար բոլորի հետ աշխատելու են, աշխատելու այնպես, որ ՀՀ-ն իրապես ունենա փակ օդ:

«Որպեսզի հասկանաս՝ ունես փակ օդ թե ոչ մինչև պատերազմը, դու պետք է գտնես աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանություն ունեցող երկիրը, այս պահին դա Իսրայելն է, ու այդ համակարգի ստեղծողին, ով պրոֆեսիոնալ խորհրդատվություն տալ կարող է իր թիմով: 

Գիտեմ՝ կան մտավախություններ այն հարաբերությունների հետ կապված, որն Իսրայելն ունի տարածաշրջանային երկրների հետ, բայց այդ հարաբերությունները նրանք ստեղծել են այսպես համագործակցելով: Մենք էլ կստեղծենք աշխարհի բոլոր ուժեղ, ակտիվ գործոնների հետ համագործակցելով, ոչ թե կփակվենք մեր մեջ, վերջում էլ կտեսնենք, որ բոլորը պայմանավորվեցին, բոլորը զինվեցին, մենք էլ մեր զինվորին թողեցինք առանց օդային պաշտպանության:

Մեր Աբովյան քաղաք էր հասել դրոնը, եթե չեք մոռացել, ասում է՝ ինչու եք պրոֆեսիոնալ, աշխարհի հինգ լավագույն մասնագետներից մեկին բերում: Դուք ինչո՞ւ չեք արել, ութ տարվա մեջ միլիարդավոր հարկ ենք ձեզ տվել, ինչո՞ւ չեք արել»,-եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

 
 
1/2738
bottom of page