Փաշինյանը կրկնում է, Ալիևը՝ հետևից․ ինչո՞ւ է «Արևմտյան Ադրբեջան» տերմինն այդքան «գրգռում» հասարակությանը
Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության եթերում: Իհարկե, այդ հարցազրույցը լավ պատրաստված էր, Փաշինյանը բոլոր հարցերի պատասխանները տալիս էր սահուն և հանգիստ, կարծես հենց ինքն էր այդ հարցերը տպել և դրել լրագրողի դիմաց։
Իհարկե, հանրությունն էլ նկատեց, որ Փաշինյանի այս հարցազրույցը լավ պլանավորված և անգամ գալիք ընտրություններին պատրաստվելու համար էր արված, թե՛ արագաչափերի ու տեսախցիկների թեման ասելիս էր դա շոշոփվում, թե՛ իր իսկ թիմի ներկայացուցիչների մասով խոսելիս։ Կարծես, բոլորը մեղավոր էին, բայց ոչ ղեկավարը։ Այնուամենայնիվ, պաշտոնանկությունները, կամ կարելի է անվանել պաշտոնափոխությունները ևս գալիք և սպասվող ընտրությունների համար են արվում, թե «տեսե՛ք, անգամ թիմիս ներկայացուցիչներին եմ հեռացնում, իսկական ժողովրդավարական երկիր»։
Եվ չի կարելի չնկատել, որ կային թեմաներ, որոնք հենց Փաշինյանի կողմից խոսակցության մեջ սահուն գտան իրենց տեղը, անզեն աչքով կարելի է նկատել, որ Փաշինյանը հատուկ բերեց այս թեման, իմանալով, որ հանրությունը կքննադատի․ «Ասե՞մ, թե՞ չասեմ, լավ, ասեմ» այս նախադասությամբ Փաշինյանն ասաց մի միտք, որ հանրության համար աբսուրդի ժանրից էր․ «Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, այնպես էլ ոնց որ ասում ենք արևմտյան Հայաստանը ուրիշներին է գրգռում»։
Հանրությունն էլ, ինչպես Փաշինյանն է ասում, «գրգռվեց» և ամբողջ համացանցը բուռն քննադատեց այս խոսքերը։
Ինչո՞ւ է Փաշինյանը համեմատում «Արևմտյան Հայաստան»–ը և անիրական «Արևմտյան Ադրբեջան»–ը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub–ը զրուցեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանի հետ։
«Փաշինյանի այդ արտահայտությունը մեկը մեկին Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթն է, նրանք ասում են՝ «մոռացե՛ք ձեր տարածքները, մոռացե՛ք այն տարածքները, որտեղ ձեզ ցեղասպանել են»։ Ի դեպ, պետք է նշել, որ բազմաթիվ փաստաթղթերում նշված է, որ Արևմտյան Հայաստանում է ցեղասպանություն եղել, օրինակ՝ Ռուսաստանի Պետդումայի որոշման մեջ, որով ՌԴ–ն ճանաչել է ցեղասպանությունը, նշված է «Արևմտյան Հայաստան»»,– ասաց Իգիթյանը։
«Արևմտյան Հայաստան» տերմինը, ըստ քաղաքագետի, օգտագործվել է դեռ 2400 տարի առաջ կամ անգամ ավել։ Արդեն մեր ժամանակներին մոտ «Արևմտյան Հայաստան» տերմինը համարվում էր Հայաստանի մաս, որը գտնվում էր Թուրքիայի կազմում, դրանով է տարբերվում «Արևելյան Հայաստան»–ից, որը Թուրքիայի կազմում չէր։ «Արևմտյան Հայաստան»–ը, ըստ նրա, պատմական և իրական տերմին է, որն ունի իր նշանակությունը։
«Հայերը, օգտագործելով «Արևմտյան Հայաստան» տերմինը, ունեն բոլոր իրավունքները, քանի որ դա գիտական տերմին է։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան»–ը նորաստեղծ և կեղծ տերմին է, որը գիտական հիմք չունի, քանի որ չի եղել Հարավային Կովկասում մինչև 1918թ․ ո՛չ Ադրբեջան, ո՛չ էլ «հարավային» կամ «արևմտյան» Ադրբեջան»,– ասաց Իգիթյանը։
Ըստ քաղաքագետի՝ անհամեմատելի տերմիններ են, որոնք շատ են սիրում համեմատել Բաքվում կամ Անկարայում։
«Իսկ այժմ ՀՀ գործող վարչապետն է նույնն անում՝ կրկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի քարոզչությունը, անհամեմատելի տերմիններ են, նույն հարթակում դիտարկելն ամոթ է»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։
Մարիաննա Արամյան